Էջմիածինը` քրեական հեղափոխության շեմին. Դոն Պիպոն` փրկի՞չ

Այս հարթության վրա սկզբունքային, ինստիտուցիոնալ լուծումը, իհարկե, այն է, որ տեղական մակարդակում նույնպես կոտրվի ղեկավարների անփոխարինելիության արատավոր մոդելը, որովհետև ընտրական ինստիտուտների լիակատար փոշիացումը հանգեցրել է նրան, որ տեղական իշխանությունները դարձել են կլանային, հանցագործ խմբերի, կրիմինալի պատանդը:
Իհարկե, մինչև խնդրին ինստիտուցիոնալ լուծում տալը անհրաժեշտ է կառավարության ուղղակի կամ անուղղակի միջամտությունը բոլոր այն մարզերում, քաղաքներում, որտեղ նոր իրողությունների և հին համակարգի բախումը կարող է հանգեցնել արյունահեղության կամ առնվազն` քաոսի:
Էջմիածինն այս իմաստով Հայաստանի պրոբլեմատիկ քաղաքներից մեկն է, որովհետև բարձր իշխանության կողմից, այսպես ասած, դուրս է գրվել երկրապահ գեներալների վրա, ովքեր տարիներ շարունակ քաղաքը վերածել են պոլիգոնի` մարդկանց զրկելով տարրական ազատություններից: Ի դեպ, այս պարագայում գործ ունենք ավելի խորքային պրոբլեմի հետ, որը հետևանք է նրա, որ արցախյան առաջին պատերազմի ավարտից հետո իշխանությունները չկարողացան կամ չուզեցին մշակել կամավորներին քաղաքացիական կյանք վերադարձնելու արդյունավետ մեխանիզմներ` հայտնի հրամանատարներին թույլ տալով վերցնել այնքան, ինչքան կարող են:
Նման անհեռատես քաղաքականության հետևանքը եղավ այն, որ պատերազմի հերոս հրամանատարները դարձան քրեաօլիգարխիայի մաս` իրենց արտոնություններով, բիզնեսներով, ազդեցության գոտիներով:
Էջմիածնի խնդիրը լուծել պետք է, սակայն դա պետք է տեղի ունենա բացառապես օրինական ճանապարհով` քաղաքական գործիքակազմի միջոցով:
Ցավալին այն է, որ այսօր այդ քաղաքում հայտնվել են կրիմինալ «առաքյալներ», ովքեր հավակնում են Էջմիածինն ազատագրել գեներալ Մանվելի լծից: Ողբերգությունն այն է, որ, մեղմ ասած, կրիմինալ հակումներ ունեցող նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը` հայտնի Ճոյտը և Հայաստան վերադարձած, հանցաշխարհի ներկայացուցիչ Դոն Պիպոն (Արթուր Ասատրյան) խոսում են թավշյա հեղափոխության անունից: Քաղաքական աննախադեպ գործընթացն ուղղված էր օլիգարխիայի և կրիմինալի դեմ և, եթե դրա արդյունքում լուսանցքում պետք է հայտնվի էջմիածինցի գեներալների «բանակը», ապա Դոն Պիպոյի տեղը, հաստատ, բանտն է:
Երբ թավշյա հեղափոխությունը Հայաստանից սրբում-տանում է օլիգարխիային ու կրիմինալին, անկարելի է տեսնել, թե ինչպես է «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորվում Դոն Պիպոն` իր հանցագործ կերպարը քողարկելով Էջմիածինն «ազատագրելու» մասին հայտարարություններով:
Թավշյա հեղափոխությունը չի կարող ունենալ քրեական բաղադրիչ, նույնիսկ` մարտավարական նկատառումներով: Սա աններելի է և կարծում ենք` Հայաստանի նոր իշխանությունը պետք է հստակ ուղերձ հասցեագրի հասարակությանը, որ ինքը որևէ պարագայում դոնպիպոների անհրաժեշտությունն ունենալ չի կարող: Երկիրը չունի նման տեսակի, արյունոտ ու կեղտոտ փողերի անհրաժեշտություն:
Դոնպիպոներն ու ռոբսոնները Կարեն Կարապետյանի հետ «ներմուծված» «11-րդ բանակն» են` խորհրդանշելով ռուսական վասալության քրեական բաղադրիչը:
Էջմիածինը մեր հոգևոր կենտրոնն է, որը ձերբազատված պետք է լինի` ինչպես Երկրապահի գեներալիտետի «բեսպրեդելից», այնպես էլ քրեական խաժամուժի խրախճանքից: