Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

29 մայիս 2018 17:37

Տարիներ շարունակ հեղեղի համար մեզ են մեղադրում, բայց դա «Վեոլիա Ջրի» գործն է. Տ. Մարգարյան

Տարիներ շարունակ հեղեղի համար մեզ են մեղադրում, բայց դա «Վեոլիա Ջրի» գործն է. Տ. ՄարգարյանԵրեւանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է նախորդ շաբաթ օրը մայրաքաղաքում տեղացած հորդառատ անձրեւի հետեւանքով փողոցներում անձրեւաջրերի կուտակումներին, ինչպես նաեւ ջրահեռացման համակարգում առաջացած խնդիրներին՝ մեկ անգամ եւս ընդգծելով, որ անձրեւաջրերի եւ, ընդհանրապես, ջրահեռացման, ինչպես նաեւ ջրամատակարարման համակարգերի սպասարկումը Երեւանի քաղաքապետարանի գործառույթը չէ:
«Տարիներ շարունակ սրա հետ կապված հարվածներն ու մեղադրանքները միայն մեզ են ուղղվել, մինչդեռ անձրեւաջրերի եւ, ընդհանրապես, ջրահեռացման, ինչպես նաեւ ջրամատակարարման համակարգերի սպասարկումը «Վեոլիա Ջուր» ընկերության գործառույթն է: Ավելին, այս ընկերության գործունեության վերահսկողությունը եւս Երեւանի քաղաքապետարանի լիազորություններից դուրս է եւ իրականացվում է Ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից: Հանրությանը պետք է տեղեկացնել, թե ով եւ ինչի համար է պատասխանատու եւ ով պետք է պատասխան տա քաղաքացիների համար ստեղծված անհարմարությունների համար: Եթե ոմանց թվում է, թե թաքնվելով եւ հայտարարություններով հանդես չգալով անհայտ են մնալու, ապա չարաչար սխալվում են:
Մենք էլ ենք շարունակելու լինել պահանջատեր, քանի որ քաղաքացիները դիմում են մեզ, մենք էլ ձեզանից ենք պահանջում՝ անկախ նրանից, որ վերահսկողությունը Երեւանի քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում չէ: 
Կոնկրետ այս դեպքում անձրեւընդունիչների մաքրումն ու սպասարկումը «Վեոլիա Ջուր» ընկերության պարտականությունն է: Արդեն կանխատեսումներ կան, որ այս շաբաթ էլ են սպասվում առատ տեղումներ: Գնացեք ամբողջ թիմով նախապատրաստվեք ու մաքրեք անձրեւընդունիչները, որ նման խնդիրներ չլինեն»,-քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Խորհրդակցության ժամանակ նաեւ զեկուցվել է, որ ի կատարումն Երեւանի քաղաքապետի հանձնարարականի՝ արդեն իսկ նախապատրաստական քայլեր են ձեռնարկվում հորդառատ անձրեւի հետեւանքով մայրաքաղաքի Անդրանիկի փողոցում փլուզված հենապատի վերականգնման ուղղությամբ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է տվյալ աշխատանքների ընթացքը պահել մշտական հսկողության տակ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր