Վճռական գրոհ սուպերմարկետների սաբոտաժի դեմ.Քրեաօլիգարխիկ համակարգը նահանջում է՝ իր հետևից թողնելով ականապատված տարածք
![Վճռական գրոհ սուպերմարկետների սաբոտաժի դեմ.Քրեաօլիգարխիկ համակարգը նահանջում է՝ իր հետևից թողնելով ականապատված տարածք Վճռական գրոհ սուպերմարկետների սաբոտաժի դեմ.Քրեաօլիգարխիկ համակարգը նահանջում է՝ իր հետևից թողնելով ականապատված տարածք](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-06/medium/1527922566_1-14.jpg)
Սուպերմարկետների ղեկավարները հանդիպում են խնդրել Նիկոլ Փաշինյանից, սակայն նրանց կոռեկտ հայտարարության ստվերում ձեռնարկվել է սաբոտաժ կառավարության դեմ. երեկ մի շարք սուպերմարկետներում թանկացումներ են արձանագրվել, մասնավորապես՝ քսան տոկոսով թանկացել են միսը և գյուղմթերքը:
Ակնհայտ է, որ օլիգարխիան դիմել է ավանդական մեթոդի՝ փորձելով հրահրել սոցիալական լարվածություն և դժգոհություն նոր կառավարության դեմ:
Նիկոլ Փաշինյանի արձագանքը եղել է բավականին օպերատիվ և կոշտ: Նրանք, ովքեր ուզում են արհեստական թանկացումներով ապացուցել, թե ապօրինությունն ավելի լավ է, քան օրինականությունը, շատ արագ իրենց վրա կզգան օրինականության համոզիչ ուժը՝ երեկոյան ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի վարչապետը։ «Բոյկոտեք թալանչիներին և կոռուպցիոներներին»,- կոչ է արել Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, բաց պատերազմ է հայտարարել օլիգարխիային՝ ապավինելով հասարակության աջակցությանը: Կասկածից վեր է, որ հասարակությունն այսօրվանից ևեթ կբոյկոտի սուպերմարկետները՝ գերադասելով առևտուր անել ավելի փոքր խանութներից: Անշուշտ, Փաշինյանի երեկվա ուղերձի նպատակներից մեկը հենց փոքր և միջին բիզնեսը խրախուսելն է եղել:
Այնուամենայնիվ, խնդիրն ավելի բարդ է, քան կարող է թվալ առաջին հայացքից, և նույնիսկ վերաբերում է երկրի պարենային անվտանգությանը: Անցած տարիների հետևողական կոռուպցիոն քաղաքականության հետևանքով թույլ է տրվել, որ սուպերմարկետները դառնան գերիշխող, ինչի հետևանքով մանր ու միջին բիզնեսը վնասներ է կրել: Սուպերմարկետներն այնպիսի գերակա դիրք ունեն, որ եթե խոշոր առևտրային ցանցերից մեկը, ենթադրենք, երկու-երեք շաբաթով դադարեցնի իր գործունեությունը, ապա երկիրն իսկապես կարող է ունենալ պարենային անվտանգության խնդիր:
Ըստ մասնագետների՝ այս պահին կառավարությունն օբյեկտիվորեն այլընտրանքային լուծումներ չունի: Նիկոլ Փաշինյանի ուղերձը քաղաքական տեսանկյունից միանգամայն մոտիվացված է, մյուս կողմից՝ չի լուծում պարենային անվտանգության, նոր ենթակառուցվածքների ստեղծման հարցը, ինչի հետևանքով մսի և գյուղմթերքի գինն առաջիկա օրերին դարձյալ կարող է թանկանալ:
Ակնհայտ է, որ կառավարությունը ստեղծված իրավիճակում պետք է դիմի ոչ ստանդարտ միջոցառումների՝ տնտեսական և սոցիալական կոնյունկտուրայի վատթարացում թույլ չտալու համար:
Քրեաօլիգարխիկ համակարգը նահանջում է՝ իր հետևից թողնելով ականապատված տարածք: Իրավիճակի բարդությունը կառավարությունում, անշուշտ, հասկանում են: Համենայնդեպս, Փաշինյանը խոստանում է, որ օլիգարխիան իր վրա շատ արագ կզգա օրինականության համոզիչ ուժը: