Բավականին լայն երազանքների, ցանկությունների, բաժակաճառերի ժողովածու է, այլ ոչ թե արհեստավարժ կառավարության ծրագիր
Հայաստանի կառավարության ծրագիրը բաժակաճառերի ժողովածու է, բայց ՀՀԿ-ն չի խոչընդոտելու դրա ընդունմանը։ Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, փոխանցում է News.am-ը:
«Մենք պետք է հնարավորություն տանք, որ ծրագիրն իրականացվի և անհրաժեշտ ձայներ կապահովենք: Արհեստական խոչընդոտներ չեն հարուցի ծրագրի ընդունման հարցում»,- ասել է Շարմազանովը:
Անդրադառնալով ծրագրի բովանդակությանը՝ ԱԺ փոխնախագահն ասել է, որ այն «բավականին լայն երազանքների, ցանկությունների, բաժակաճառերի ժողովածու է, այլ ոչ թե արհեստավարժ կառավարության ծրագիր»:
«Այս ծրագրում չկան ոչ միայն թվեր, այլ նույնիսկ այն, թե ինչպես պետք է իրականացվեն տարբեր ոլորտներում ծրագրերը»,- ասել է Շարմազանովը ևւ հավելել. «Մենք այս կառավարությանը տվել ենք 7,5 տոկոսանոց տնտեսական աճով երկիր և կարծում եմ, որ այնուհանդերձ թվերը կարևոր են, որպեսզի հասարակությունը հասկանա, թե ինչպիսի զարգացման տեմպեր պետք է ապահովվի, չմոռանանք, որ վարչապետ Փաշինյանը խոսում էր թռիչքային զարգացման մասին: Դա, իմ պատկերացմամբ, առնվազն երկնիշ տնտեսական աճի տեմպերի ապահովումն է: Ո՞ւր են թվերը՝ չկան»,- նշել է Շարմազանովը։
«Մեր հիմնական թիմը ծրագրին դեմ կքվեարկի, որովհետև այս կառավարության փաստաթղթում չենք տեսնում քաղաքական ծրագիր, իսկ սա կարևորագույն փաստաթուղթն է: Այնտեղ չկա ռազմավարություն»,- նշել է Շարմազանովը։