Կանադացի գիտնականները վաղաժամ մահվան անսպասելի պատճառ են նշել
Տորոնտոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ միայնակ հայրերի համար վաղաժամ մահվան հավանականությունն ավելի մեծ է,– հաղորդում է U-News-ը։
Նման հետևության են եկել գիտնականները՝ ուսումնասիրելով ոչ լիարժեք ընտանիքներում հայրերի կյանքի տևողությունը։
11 տարի տևած հետազոտությանը միջինում 40 տարեկան՝ 40,5 հազար կանադացի է մասնակցել, այդ թվում՝ 4590 միայնակ մայրեր և 871 միայնակ հայրեր։
Հետազոտության ընթացքում 700 մարդ է մահացել, ընդ որում մահացությունը երեք անգամ ավելի բարձր է եղել ոչ լիարժեք ընտանիքներում ապրող տղամարդկանց շրջանում։ Կողմնակի գործոնները հաշվի առնելով՝ վաղաժամ մահվան հավանականությունը միայնակ հայրերի մոտ երկու անգամ ավելի բարձր է եղել։
Այս արդյունքը բացատրվում է այն հանգամանքով, որ երեխաներ դաստիարակող միայնակ հայրերը ոչ առողջ ապրելակերպ են վարում, այդ թվում ճարպոտ և ածխաջրերով հարուստ սնունդ են օգտագործում, քիչ ժամանակ են տրամադրում ֆիզիկական ակտիվությանը և շատ են ալկոհոլ օգտագործում։