Գեներալ Մանվել Գրիգորյանի առեղծվածային ունեցվածքը, չվճարած հարկերն ու թաքցրած եկամուտները

Գեներալը հարկերը չի վճարում
Սա միայն իր անունով գրանցված գույքն է, մոտ այդքան անշարժ գույք էլ պատգամավորն այլ անձանց անուններով է գրանցել:
«Հետքը» հարցում էր ուղարկել Արշալույսի համայնքապետ Զարզանդ Գրիգորյանին: Վերջինիս տրամադրած տեղեկանքների ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ Մանվել Գրիգորյանը մեծամասամբ չի վճարում իր օգտագործած հողի կամ գույքահարկի գումարները եւ 2008թ.-ից սկսած` ապառքներ, տույժ-տուգանքներ է կուտակել: Չի վճարում նաեւ տեղական տուրքերը:
Դեռեւս 2013թ. Արշալույսի համայնքապետարանը տարբեր գրություններով տեղեկացրել է Մանվել Գրիգորյանին պատկանող «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ին, որ իրենց կողմից շահագործվող բենզալցակայանում վաճառվող հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության համար տարեկան պետք է վճարեն 200.000 դրամ տեղական տուրք, իսկ արտաքին գովազդի համար՝ 1500 դրամ: Ինչպես տեղեկացրեց Զարզանդ Գրիգորյանը, «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ն շարունակում է չվճարել տուրքերը: Հիշեցնենք, որ վերջերս Արշալույսի համայնքապետարանը դատական կարգով է կարողացել «Արա եւ Այծեմնիկ» ընկերությունից բռնագանձել որոշ հարկեր:«Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ն նաեւ շինարարական գործունեությամբ է զբաղվում: Այս ընկերությունն է հիմնականում պետական բյուջեի միջոցներով վերանորոգում Էջմիածնի եւ հարակից գյուղերի դպրոցները:
Հուլիսի 4-ին Արմավիրի մարզպետարանը պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման երկու պայմանագիր է կնքել «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ի հետ: Դրանցից մեկը վերաբերում է Էջմիածնի թիվ 2 հատուկ դպրոցի վերանորոգմանը՝ 47 միլիոն 780 հազար դրամ ընդհանուր արժեքով, մյուսը՝ մարզի Գեղակերտ համայնքի լոկալ ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքներին՝ 31 միլիոն 880 հազար դրամ արժեքով:
Պաշտոնաթող գեներալի ընկերությունների հարկերի չափը մեծ չէ, ինչը կարող է զարմանք առաջացնել: Մասնավորապես, «Կուարլինի» ՍՊԸ-ն, որը հայտնի է ասֆալտի արտադրությամբ, տեղական բյուջե տարեկան վճարում է ընդամենը 5026 դրամ, «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ն՝ 204 հազար դրամ, «Արփենիկ» գինու, կոնյակի գործարան ՍՊԸ-ն՝ 65.924 դրամ եւ այլն:
«Արփենիկ» գինու և կոնյակի գործարանըՄանվել Գրիգորյանն իր ունեցվածքը կուտակել է դեռեւս 1990-ականների սկզբներին: Այժմ նրան է պատկանում Արշալույս գյուղի նախկին կենցաղի տունը, փոստային բաժանմունքի շենքը: Նախկին ամբուլատորիայի շենքը, որը եւս Մանվել Գրիգորյանինն է, այժմ դարձել է Արշալույսում «Արա եւ Այծեմնիկի» գրասենյակը, իսկ մանկապարտեզը սեփականաշնորհել եւ քանդել է՝ օգտագործելով միայն հողատարածքը: Արշալույսն այժմ մանկապարտեզ չունի:
Մանկապարտեզի տարածքը«Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ի գրասենյակըԱրշալույսի նախկին համայնքապետ Գրիգոր Գրիգորյանը ջեռուցում չլինելու պատճառաբանությամբ 2006թ. նոյեմբերի 1-ից մինչեւ մայիսի 1-ը ժամանակավորապես դադարեցրել է մանկապարտեզի գործունեությունը, սակայն 2006թ. հոկտեմբերին տարածքը, որպես բնակավայրի հող, 624 հազար դրամով աճուրդային կարգով վաճառել է Մանվել Գրիգորյանին:
Աճուրդի կազմակերպիչներն այնքան տնավարի են անցկացրել աճուրդը, որ ո́չ աճուրդին մասնակցելու հայտի, ո́չ էլ հողամասը աճուրդով վաճառելու մասին արձանագրություններում Մանվել Գրիգորյանի ստորագրությունը չկա:
Ավելի մանրամասն՝hetq.am-ում