Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

23 հուն 2018 15:15

Ռոբերտ Քոչարյանի խուճապը

Ռոբերտ Քոչարյանի խուճապըՆախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հերթական անգամ դատի է տվել «Առաջին լրատվական»-ին և «Ժամանակ» օրաթերթին՝ 2 մլն դրամ պահանջելով իբր իրեն զրպարտելու համար։

Անկախ մամուլի դեմ Ռոբերտ Քոչարյանի սանձազերծած հերթական քայլի պատճառն այս անգամ 2018թ. հունիսի 7-ին թերթում և կայքում հրապարակված «Գրիգոր Գրիգորյանը ցուցմունք է տվել Քոչարյանի դեմ, վերջինս կարող է կալանավորվել» վերտառությամբ հոդվածն էր, որում նշել էինք, թե Մարտի 1-ի ոճրագործության քննությունը կարող է շարժվել մեռյալ կետից, իսկ իրադարձությունների ժամանակ ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը հարցաքննվել և հայտնել է, որ ցուցարարների վրա կրակելու հրահանգը ստացել է այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանից:
Քոչարյանի գրասենյակն ու Հատուկ քննչական ծառայությունը շտապեցին հերքել մեր հրապարակումը, իսկ Ռոբերտ Քոչարյանը որոշեց դատի տալ՝ խոշոր գումար պահանջելով։
Ռոբերտ Քոչարյանը չի փոխում իր գործելաոճը` նույնիսկ երկրում ստեղծված որակապես նոր իրավիճակի պայմաններում: Երկրորդ նախագահին թվում է` նախկինի պես կարող է լռեցնել լրատվամիջոցներին` իր արյունոտ գործունեության հետքերը մաքրելու նպատակով:
Չի ստացվի: Նոր իրավիճակը ոչ ադեկվատ էր գնահատում նաև գեներալ Մանվել Գրիգորյանը ու հայտնի է, թե ինչպիսի ընթացքի մեջ է նրա տխուր ոդիսականը:
Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանը նույն տրամաբանությամբ կարող է դատի տալ Հայաստանի գրեթե բոլոր քաղաքացիներին. բոլորը փաստարկված մտածում են, որ հենց նա է 2008-ի մարտի 1-ին տվել Հայաստանի քաղաքացիներին գնդակահարելու հրաման: ՀՔԾ-ում նոր մեկնարկ է տրվել Մարտի 1-ի բացահայտմանը և շատ շուտով Քոչարյանը հայտնվելու է մեղադրյալ աթոռին. ահա, թե որն է նրա խուճապի պատճառը:
Գրել ենք և դարձյալ կրկնում ենք, որ Ռոբերտ Քոչարյանն է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության ներքին շահառուն, որովհետև միայն Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի դիակների վրայով է կարողացել իր ձեռքում կենտրոնացնել իշխանությունը և քրեաօլիգարխիայի թալանի միջոցով դարձել է միլիարդատեր` դոլարային արտահայտությամբ:
Ի դեպ, խորհրդանշական է, որ 90-ականների սկզբին Արցախում Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը նույնպես ձևավորվել է արյան վրա, երբ խորհրդավոր պայմաններում սպանվեց Արցախի Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանը:
Ռոբերտ Քոչարյանի նախագահության տասնամյակը լի է սպանություններով, ահաբեկչությամբ, թալանով: Նրա իշխանությունն ասոցացվում է Մարտի 1-ի և Հոկտեմբերի 27-ի ոճիրների հետ: Մնում է ենթադրել, թե առաջինը որ գործով է մեղադրանք առաջադրվելու Քոչարյանին:
Իսկ մենք շարունակելու ենք հատ առ հատ անդրադառնալ Ռոբերտ Քոչարյանի գործած բոլոր ոճիրներին. ոչ մի հանցագործություն անպատիժ չի մնալու:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր