Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

25 հուն 2018 15:50

Նիկոլ Փաշինյանը տեղեկատվական «պուշկա» է, եթե ուղղվի ինչ-որ մեկի վրա, այդ մարդը կամ կուսակցությունը ոչնչանում է. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբում մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանը և քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը խոսեցին ներքաղաքական զարգացումների, առաջիկա արտահերթ ընտրություների հեռանկարների շուրջ:
 
Տիգրան Քոչարյանի կարծիքով ներկայումս տեղեկատվական դաշտում այնպիսի միջավայր է, որ ընդդիմադիր լինելու և կառավարությանը քննադատելու համար պետք է շատ մեծ կամքի ուժ ունենալ կամ քայլերի մեծ հաշվարկ. «Հիմա ընդդիմադիր լինելն ինքնասպանություն է: Նիկոլ Փաշինյանն ունի այնպիսի տեղեկատվական աջակցություն, որ ինքը տեղով «botnet» է, դա մի բան է, որով հարձակվում ես մի կայքի վրա, որը 5 րոպեից էլ չի աշխատում: Նիկոլ Փաշինյանը տեղեկատվական «պուշկա» է, եթե ինքն ուղղվի ինչ-որ մեկի վրա, այդ մարդը կամ կուսակցությունը ոչնչանում է, եթե ինչ-որ մի տեղից քննադատություն է գնում՝ այդ զենքը ֆռում է այդ ուղղությամբ, այդ մարդը կա՛մ անէանում, կա՛մ զրոյանում է, կա՛մ իր համար շատ բարդ է լինում: ՀՀԿ-ից բացի՝ որևէ ընդդիմադիր ուժ չի նշմարվում: ՀՀԿ-ն հիմա կորցնելու բան չունի, մնացածներն ունեն։ Նույնիսկ ամենահզոր կուսակցությունները, որոնք պառլամենտում հիմա ներկա են, շատ հանգիստ համաձայնեցին այդ «Բարեգործության մասին» օրենքի հետ, որովհետև իրենք շատ լավ հասկանում են, որ, եթե այդ զենքը հանկարծ ֆռաց իրենց դեմ, իրենք ռեյտինգի սարսափելի անկում են ունենալու»։ 
Տիգրան Քոչարյանը նաև  նկատեց, որ այս էյֆորիկ վիճակը դեռևս չի անցնում. «Մենք կարող ենք տեսնել, որ կառավարության անդամները, եթե անգամ սխալներ են անում, այնպիսի աջակցություն են ունենում, որ նույնիսկ զարմանում ես։ Նախորդ իշխանությունների ժամանակ դա մասսայական քննադատության էր արժանանում, հիմա ասում են՝ լավ եք անում»։
 
Վիգեն Հակոբյանն էլ նշեց, որ ինչ-որ մի պահից սկսած՝ քաղաքական ուժերը կողմնորոշվելու են, որովհետև շատ ուժեր հասկանալու են, որ Նիկոլ Փաշինյանի ֆորմատում իրենք տեղ չունեն։ Նա նաև չբացառեց, որ «Ելքի» մյուս երկու կուսակցություններն էլ կարող են լինել այդ ուժերից. «Երբ հասկանան, որ իրենք այդ դաշտում չեն, պետք է այլ դաշտում տեղավորվեն՝ կա՛մ ընդդիմադիր, կա՛մ բուֆերային դաշտում։ Խնդիրն այն է, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ պետք է ընդդիրմադիր ուժեր լինեն խորհրդարանում։ Նաև սկսվելու է այս պարզ քաղաքական հաշվարկը, թե ի՞նչ տեսքով, ինչ դեմքով, դաշտով մտնել ընտրություններ։ Շատ արագ է դա լինելու և արդեն սկսում են քաղաքական խորհրդակցություններն Ընտրական օրենսգրքի շուրջ և՛ խորհրդարանական, և՛ արտախորհրդարանական ուժերի մասնակցությամբ»,- ասաց Վիգեն Հակոբյանը։
Վիգեն  Հակոբյանի խոսքով՝ սկսվում է մի գործընթաց, որի տևողությունը պայմանավորված է մասնակից ուժերի ցանկությամբ։ Ըստ նրա՝ շատ բան կախված է նրանից, թե օրվա իշխանություններն ինչ խնդիրներ են հիմա լուծում. «Շատ բան կախված է նրանից, թե յուրաքանչյուր կուսակցության հետ ինչ ծրագրեր են նախատեսված։ Պարզ է, որ, եթե ընտրությունները հիմա կամ երկու ամիս հետո անցկացվեն, դա միանշանակ ձեռնտու է այսօրվա իշխանություններին, բայց վարչապետն ասում էր՝ ժամանակ է պետք հատկացնել բոլորին պատրաստվելու համար, ինչը շատ կարևոր մեսիջ է։ Պարզ է, որ ՀՀԿ-ին ձեռնտու է, որ ինչքան հնարավոր է՝ ուշ տեղի ունենան ընտրությունները, որ այս բացասական ֆոնը նստի, բայց շատ բան կախված է նրանից՝ ՀՀԿ-ի հետ ինչ-որ պլաններ կա՞ն իշխանությունների մոտ»։
 
Իսկ ընտրությունների անցկացման ամենա օպտիմալ ժամկետը Վիգեն Հակոբյանի կարծիքով հոկտեմբերի վերջ-նոյեմբերի սկիզբն է։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր