Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան սեփական մեքենայում ներարկել է, բռնի ուժով համբուրել          Տեսանյութ. Արթուր Վանեցյանի մասին եմ խոսում, ինչո՞ւ նրա գաղտնի ձայնագրությունը լրիվ չեն հրապարակել. Հիմա այդ մարդիկ հայրենիքի մասի՞ն են մտածում       Տեսանյութ.Ծաղկավան գյուղի ներքևի հատվածում շարժ է նկատվում․ ադրբեջանցի զինվորները հիմա այս պահին Կիրանց գյուղի մատույցներում են    

26 հուն 2018 16:20

Ինչ է անում հիմա Սերժ Սարգսյանը

Սերժ Սարգսյանի համհարզ Վաչագան Ղազարյանը կամ հայտնի Վաչոն ձերբակալվել է ապօրինի հարստացման մեղադրանքով: Հայտնի է, որ ԱԱԾ-ն նրա մոտ հայտնաբերել է ընդհանուր 1,5 միլիարդ դրամ փող, նաև՝ կնոջ անունով: Այդպիսով, Սերժ Սարգսյանի համհարզը դառնում է փաստորեն առաջին խոշոր պաշտոնյան ու իշխանության խոշոր ֆիգուրը, որին ներկայացվում է մեղադրանք ապօրինի հարստացման հատկանիշով:
Հետաքրքիրն այստեղ այն է, որ ՀՀԿ-ական իշխանությունն ապօրինի հարստացման մասին օրենքն ընդունեց մի քանի ամիս առաջ, որի նպատակներից մեկը կամ գլխավորը թվում էր այն, որ այդ օրենքի ընդունումով իշխանությունը պետք է արևմտյան երկրներին ու կառույցներին ցույց տար, հավաստիացներ, որ քայլեր է ձեռնարկում կոռուպցիայի դեմ, իրական պայքար է մղում: Չէ՞ որ կոռուպցիայի դեմ ձևական պայքարից իրականի անցնելու հորդորը, պահանջը, խնդրանքը և կոչը մշտապես եղել են իշխանության հետ այդ կառույցների հարաբերության օրակարգում:
Իշխանության հաշվարկը պարզ էր՝ օրենքը կընդունվեր, թղթով, այսպես ասած՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում ամեն ինչ կլիներ կարգին, կստացվեր իդեալական վիճակ, երբ պայմանական ասած՝ «գայլերը կուշտ են, իսկ ոչխարները՝ անվնաս»: Բայց այժմ ստացվում է, որ վիճակը այդքան էլ այդպես չէ, և օրենքը շրջվել է այն ընդունող իշխանության ներկայացուցիչների դեմ:
Իհարկե, դեռ պարզ չէ, թե ինչ կլինի Վաչագան Ղազարյանի գործը, ինչ պատասխան կտա նա, կտա՞, թե՞ ոչ: Կտա՞, օրինակ, այլ անուններ, տեղեկատվություն, թե՞ ոչ: Հատկանշական է, սակայն, որ թիրախում է հայտնվում ոչ այլ ոք, քան Սերժ Սարգսյանի գեներալ-մայոր համհարզը, և այդ իմաստով շատ հետաքրքիր է, ու թերևս բոլորի համար, թե ի՞նչ է անում հիմա Սերժ Սարգսյանը, ի՞նչ է մտածում:
Վաչիկ Ղազարյանը պատասխանատու էր Սերժ Սարգսյանի անվտանգության համար, իսկ Սերժ Սարգսյանը Վաչիկ Ղազարյանի անվտանգության համար իրեն պատասխանատու համարո՞ւմ է կամ՝ անձեռնմխելիության համար: Երբ նախագահ էր, թերևս պատասխանատու էր՝ համակարգային ընդհանուր տրամաբանության շրջանակում: Իսկ ա՞յժմ: Թե՞ Սարգսյանը պաշտոնավարելիս էլ, պաշտոնաթողությունից հետո էլ պատասխանատու է միայն, այսպես ասած, իր հանձնարարությամբ և իմացությամբ արածի կամ արվածի համար:
Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը կարող էր և «ոչինչ չիմանալ», ընդ որում՝ միանգամայն գիտակցված: Նա ինքը, օրինակ, ոչինչ չէր ասում իշխող ուժին, և ամեն ինչ հայտնի էր դառնում գրեթե վերջին պահին: Միաժամանակ, Սարգսյանը գուցե ինքն էլ ոչինչ չէր ուզում իմանալ իշխող ուժի արածի ու չարածի մասին: Տվյալ պարագայում խոսքն իհարկե ամենևին այն մասին չէ, որ Սերժ Սարգսյանը ոչինչ չգիտեր, այլապես կհանձնարարեր պատժել բոլոր գողերին, խաբեբաներին, կոռուպցիոներներին և այլն: Հարցն այդ պարզունակ տիրույթում չէ: Սերժ Սարգսյանն անշուշտ պատկերացնում էր, թե ինչպես է աշխատում համակարգը, և անշուշտ ուներ այդ աշխատանքի մանրամասների վերաբերյալ տեղեկատվության իր աղբյուրները, այսպես ասած՝ «անկախ» աղբյուրները: Օրինակ՝ Վաչագանի մասին նա գուցե տեղեկանում էր, ասենք, Պողոսից, իսկ Պողոսի մասին՝ Վաչագանից, բայց ոչինչ չէր ասում թե՛ Պողոսին, թե՛ Վաչագանին: Այդպիսով, Սերժ Սարգսյանը, լինելով գրեթե լիարժեք իրազեկված, միաժամանակ լիովին ազատ էր լինում պողոսների ու վաչագանների առաջ անձնական պատասխանատվությունից:
Այդ իրավիճակը գոհացուցիչ էր բոլորի համար՝ իրենք չէին խանգարում Սերժ Սարգսյանին, Սերժ Սարգսյանը՝ իրենց: Թղթերով էլ ամեն ինչ կարգին էր: Բայց ներկայումս թղթերը «ապստամբել» են, և պարզվում է, որ ապօրինի հարստացման մասին օրենքը ընդունել են իրենք իրենց դեմ, գերվարչապետական լիազորությունները սահմանել են իրենք իրենց դեմ, իրենց իսկ ձեռքով:
Աղբյուր՝ 1in.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր