Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

03 հուլ 2018 16:37

Ամուսինը ծեծել է կնոջը եւ գլխիվայր ցած է նետել

Ամուսինը ծեծել է կնոջը եւ գլխիվայր ցած է նետել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 30-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Սպանության համար մեղադրանք է առաջադրվել տուժողի ամուսնուն։
Ինչպես հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից, 1986թ. ծնված կնոջ մահվան մասին հաղորդումն ստացվել էր 2017 թվականի մարտի 3-ին. «Արմենիա» բժշկական կենտրոնից  ստացված ահազանգի համաձայն՝ Երևան քաղաքի Գ-1 թաղամասի տներից մեկից «Պոլիտրավմա, անգիտակից վիճակ» ախտորոշմամբ իրենց մոտ էր տեղափոխվել նույն տան բնակչուհին՝ ծնված 1986թ։ Ստացած վնասվածքների հետևանքով տուժած կինն օրեր անց՝ մարտի 7-ին, մահացել էր բժշկական կենտրոնում՝ առանց գիտակցության գալու:
Ամուսինը հայտարարել էր, որ կինն ընկել է իրենց տան 2-րդ հարկի աստիճանահարթակից, որի հետևանքով էլ ստացել է նշված վնասվածքները։
ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ երիտասարդ կնոջն ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով, մշակվել վարկածներ, և ձեռնարկվել մեծածավալ քննչական գործողություններ՝ կնոջ մահվան իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ: Կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել նմուշներ, առգրավվել դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստը, հարցաքննվել մի շարք անձինք:
Դեպքի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատաքիմիական փորձաքննություններ, ինչպես նաև՝ դատակենսաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննություն:
Արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ 30-ամյա կինը ոչ թե ինքնասպան է եղել, այլ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներն ստացել է ամուսնու կողմից կենսական օրգաններին բազմաթիվ հարվածներ ստանալու հետևանքով:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 30-ամյա կինը նշված տանն ապրել է ամուսնու հետ, և համատեղ կյանքի ընթացքում տարբեր կենցաղային հարցերի շուրջ ունեցել են վիճաբանություններ։ Դեպքի օրը ամուսինները կրկին վիճաբանել են, որի ընթացքում ամուսինը բռնություն է գործադրել կնոջ նկատմամբ, բութ կոշտ առարկաներով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա՝ կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգաններին: Այնուհետև, հաղթահարելով կնոջ դիմադրությունը՝ տան աստիճանավանդակի բարձրությունից գլխիվայր ցած է նետել դեպի տան նկուղային հարկ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ ամուսնուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է քրեական գործի նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր