Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն անհամատեղելի է կալանքը կրելու հետ
ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն անհամատեղելի է կալանքը կրելու հետ ու կյանքին վտանգ սպառնացող է։ Այս մասին ահազանգում են Գրիգորյանի փաստաբաններ Արսեն Մկրտչյանը և Լևոն Բաղդասարյանը։Նրանց պնդմամբ՝ Մանվել Գրիգորյանի մոտ առկա են այնպիսի առողջական խնդիրներ, որոնց առկայության դեպքում, Կառավարության որոշման համաձայն, նա չի կարող կալանքի տակ լինել։ Նշենք, որ խոսքը Կառավարության N 825-Ն որոշման 2-րդ հավելվածի մասին է, որում սահմանված են բոլոր այն ծանր հիվանդությունները, որոնք խոչընդոտում են պատիժը կրելուն։
Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանի փոխանցմամբ՝ Մանվել Գրիգորյանի մոտ առկա են էնդոկրին համակարգի հիվանդություն համարվող շաքարային դիաբետ և թոքի քաղցկեղ՝ մասնակի հեռացմամբ. «Մանվել Գրիգորյանի մոտ առկա են ծանր հիվանդություններ, որոնք անհամատեղելի են կալանքի հետ։ Նրա թոքի մի մասը չկա։ Բայց պետք է նշեմ, որ կալանավայրում խնդիր չկա, նա դեղերը ժամանակին ստանում է՝ ընտանիքի օգնությամբ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբանը։
Իսկ Մանվել Գրիգորյանի մյուս պաշտպան Արսեն Մկրտչյանը մեզ տեղեկացրեց, որ իր պաշտպանյալն ունի երեք հիվանդություն, որոնք անհամատեղելի են կալանքի հետ։
Նշենք, որ Կառավարության կողմից սահմանված հիվանդությունների խմբերի ցանկը, որոնք խոչընդոտ են հանդիսանում պատիժը կրելուն, հետևյալն է՝ տուբերկուլյոզ, նորագոյացություններ, էնդոկրին համակարգի հիվանդություններ, հոգեկան խանգարումներ, նյարդային համակարգի և զգայարանների հիվանդություններ, արյան շրջանառության օրգանների հիվանդություններ, շնչառական օրգանների հիվանդություններ, մարսողական օրգանների հիվանդություններ, միզազատական համակարգի հիվանդություններ, ոսկրամկանային համակարգի և շարակցական հյուսվածքների հիվանդություններ, անատոմիական դեֆեկտներ և այլ հիվանդություններ՝ ՄԻԱՎ-ով պայմանավորված հիվանդություն, հիպոպլաստիկ և ապլաստիկ սակավարյունություն, ագրանուլոցիտոզներ (ծանր ձև), սուր և քրոնիկ ճառագայթային հիվանդություն՝ 4-րդ աստիճան:
Ի դեպ, փաստաբանների փոխանցմամբ՝ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն առաջիկայում կբողոքարկվի վերաքննիչ դատարանում:
Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով:
ՀՔԾ-ն տեղեկացրել էր, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանը ապօրինի կերպով ձեռք է բերել և կնոջ, դստեր ու այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցի 28 և 30 հասցեներում գտնվող՝ իրեն պատկանող առանձնատներում մինչև 2018 թվականի հունիսի 16-ը ապօրինի կերպով պահել է մեծ քանակությամբ ռազմամթերք` 17606 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, 20 հատ «Փ-1» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակ, 20 «УЗРГМ-2» տեսակի մարտական պայթուցիչներ, 18 հատ կրակոցներ՝ իրենց բաղկացուցիչ մաս կազմող 13 մեկնարկային վառոդային լիցքերով, հրազեն հանդիսացող 40 մմ տրամաչափի «РПГ-7В» տեսակի նռնականետ, որոնք հայտնաբերվել են նշված առանձնատներում 2018թ. հունիսի 16-ին կատարված խուզարկություններով։