Տեսանյութ. Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին.Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ          Պուտինն առանց ջանք խնայելու բանակցել է, որպեսզի դադարեցնի պատերազմը. ՀՀ ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը       Ինչո՞ւ են Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները    

07 հուլ 2018 14:50

Շատ շուտով կլինեն նաև մյուս քայլերը, դինամիկան անհրաժեշտ է պահպանել.Առանց Արցախի որոշիչ ձայնի ոչինչ չի լինի

Շատ շուտով կլինեն նաև մյուս քայլերը, դինամիկան անհրաժեշտ է պահպանել.Առանց Արցախի որոշիչ ձայնի ոչինչ չի լինիԱռանց Արցախի որոշիչ ձայնի Հայաստանն ինչ էլ պայմանավորվի, կարգավորումը բնական չի լինելու, կարգավորումը կայուն և տևական չի լինելու։ Ղարաբաղի ձայնը չափազանց էական է, և այդ սկզբունքը եղել և մնում է օրակարգում։ Այս մասին ԱԳ Նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման եթերում:


Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև:

«Արամ Աբրահամյան. 20 տարուց ավելի մեր դիվանագիտությունը մոտավորապես նույնն է ասում է, ինչպես որ նշեցիք։ Ինչու՞, այնուամենայնիվ, Ղարաբաղի ձայնը լսելի չէ և, էլ չեմ ասում, որոշիչ չէ։
Զոհրաբ Մնացականյան. Չէի ասի, որ Ղարաբաղի ձայնը լսելի և որոշիչ չէ։ Ղարաբաղը և համանախագահողների կողմից, և մեր կողմից հստակորեն ներգրավված է և տեղյակ է գործընթացի էության, բովանդակության և ուղիների մասին, և ճանապարհների մասին, որոնք բանակցային սեղանի վրա են։
Արամ Աբրահամյան. 27 տարի շարունակ Հայաստանի առաջին դեմքերը և արտգործնախարարները խոսել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մեթոդոլոգիայի մասին․ կար փաթեթային, փուլային, ընդհանուր պետություն։ Եթե այդ բոլոր բաներն ամփոփենք, և Քի Վեսթը մի կողմ դնենք, որովհետև դա լրիվ այլ պատմություն է, ապա դա փոխզիջում է․ հայկական կողմերը տարածքային զիջումներ են անում կարգավիճակի դիմաց։ Այդպե՞ս է, թե այդպես չէ։ Եթե այդպես է, ապա արդյո՞ք Դուք շարունակելու եք այդ գիծը։


Զոհրաբ Մնացականյան. Երկու կարևորագույն հարց կա մեզ համար բանակցային գործընթացի մեջ՝ ստատուս և անվտանգություն։ Այս հարցի շուրջ է, որ մենք փորձում ենք գտնել այն, ինչ որ կոչվում է փոխզիջում։ Բնականաբար, եթե մենք խաղաղ կարգավորման ենք գնում, խաղաղ կարգավորման հիմքում դրված է փոխզիջումը։ Չի կարող մեկ կողմը ստանալ ամեն ինչ, մյուս կողմը չստանալ ոչինչ, կամ ավելի շատ, կամ ավելի քիչ, այնպես որ բանակցության իմաստը դա է, որ կողմերը դուրս գան բանակցություններից բավարարված՝ կարողանալով համոզված լինել, որ փոխզիջումը լավագույնս է արտահայտում մի կողմի կամ մյուս կողմի նպատակները։ Մեր դեպքում ստատուսի և անվտանգության հարցերն ամենաէական հարցերն են, որոնք դրված են բանակցային սեղանին։
Արամ Աբրահամյան. Մադրիդյան սկզբունքները, արդյո՞ք դրանք բանակցությունների սեղանի վրա են, թե սեղանի վրա չեն։
Զոհրաբ Մնացականյան. Այսպես ասենք, Մադրիդյան սկզբունքները ունեն իրենց հստակ տեղը։ Կա բանակցային գործընթացի էության էվոլյուցիա։ Հիմա մենք այն փուլում ենք, երբ որ վերներգրավվում ենք գործընթացի մեջ։ Մենք այսօր ունեցել ենք արդեն․ եթե նկատել եք, առաջին օրվանից և վարչապետի, և իմ կողմից, ներգրավվածություններ են եղել տարբեր մակարդակներով։ Ես անձամբ առիթն ունեցել եմ նախարարների մակարդակով ընդգրկվել՝ չասեմ բանակցությունների, այլ ավելի շատ՝ շփումների մեջ Ռուսաստանի արտգործնախարարի, Ֆրանսիայի արտգործնախարարի հետ, ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Մենք անմիջական կապի մեջ ենք համանախագահների հետ, համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ, որոնք անմիջապես վարում են բանակցություններ կամ օգնում են այդ գործընթացին։ Շատ շուտով կլինեն նաև մյուս քայլերը, դինամիկան անհրաժեշտ է պահպանել։ Այս վերներգրավման գործընթացում մենք փորձում ենք գնահատել, տեսնել, թե ինչպես ենք ձևակերպում մեր հետագա քայլերը։ Ես շատ զգուշորեն եմ ձևակերպում, որովհետև ինձ համար մեթոդաբանական առումով շատ էական է ապահովել այս ներգրավման գործընթացը։ Մենք հայտնել ենք հիմնական սկզբունքները. հավատարմությունը բացառապես խաղաղ ճանապարհով խնդրի հանգուցալուծմանը, բացառապես Մինսկի խմբի համանախագահության սկզբունքն ենք արտահայտել ու վերահաստատել, և խաղաղությանը նպաստող միջավայրի սկզբունքն ենք հաստատել՝ որպես կարևոր սկզբունք, որի շրջանակում հնարավոր է բանակցությունները վարել բնականոն ձևով` կարգավորմանն ուղղված նպատակային այդ գործառույթն ապահովելու առումով։
Արամ Աբրահամյան. Ո՞ր սկզբունքների, Մադրիդյա՞ն սկզբունքների հիման վրա թե՞ ինչ-որ այլ գաղափարներ են մշակվելու այս ընթացքում։
Զոհրաբ Մնացականյան. Գիտեք, զգուշությունը շատ կարևոր է, որովհետև ներգրավման գործընթաց է։ Ես նորից կրկնեցի այն երեք հիմնական սկզբունքները, որ վերաբերում են մեր ներգրավմանը՝ խաղաղ կարգավորում, Մինսկի խմբի համանախագահների ֆորմատ, խաղաղությանը նպաստող միջավայր, ես գծեցի այն, ինչ մեզ համար չափազանց կարևոր և առաջնային է՝ ստատուս և անվտանգություն։ Այս սկզբունքներով մենք հիմա ապահովում ենք բանակցությունների շարունակությունն այնտեղից, որտեղ որ դրանք ընդհատվել են։
Արամ Աբրահամյան. Դուք ասացիք, որ արտգործնախարարների հետ շփվել եք և կարծեմ հանդիպել եք, բայց չեք բանակցել նաև Մամեդյարովի հետ հունիսի 22-ին Մինսկում Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ։ Դուք շփվել եք Մամեդյարովի հետ։ Դրանից հետո հանդիպումներ եղե՞լ են և արդյո՞ք արդեն բանակցային հանդիպումներ նախատեսված են թե չէ։
Զոհրաբ Մնացականյան. Ոչ, չեն կարող լինել բանակցություններ, որոնց մասին հասարակությունը չիմանա։
Արամ Աբրահամյան. Իսկ նախատեսվա՞ծ են արդյոք այդպիսի բանակցություններ։
Զոհրաբ Մնացականյան. Այո, մեզ համար շատ էական է և՛ դինամիկան պահպանել, և՛ ժամանակացույց ունենալ շարունակության, և դրա մասին մենք շատ շուտով կհայտնենք․ այո, նախատեսվում է և մոտ ժամանակներս»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր