Տեսանյութ.Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների արդյունքում ուշագնաց եղավ          Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը       Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր    

11 հուլ 2018 16:37

Լրացուցիչ զգոնությունը հայկական կողմին չէր խանգարի. Ի՞նչ է նախապատրաստում Ադրբեջանը

Ադրբեջանի գործող վարչակարգը մշտապես էլ փորձել է իր ներքին խնդիրների «լուծումները» գտնել սահմանին իրավիճակը լարելով և ուշադրություն շեղելով, լրացուցիչ զգոնությունը այս օրերին հայկական կողմին չէր խանգարի։ «Առաջին լրատվականի» հետ զրույցում այդ մասին ասել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանում վերջին օրերին ստեղծված լարված իրավիճակը։
–Ի՞նչ է տեղի ունեցել երեկ Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքում։
-Ադրբեջանի ՆԳՆ-ի տարածած պաշտոնական հայտարարության համաձայն՝ երեկ երեկոյան տեղի ունեցած բախումների հետևանքով կրոնական ծայրահեղականները մահացու վիրավորումներ են հասցրել Գյանջայի ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Իլգար Բալաքիշիևին և Գյանջայի Նիզամի շրջանի ոստիկանության բաժնի պետի տեղակալ, գնդապետ-լեյտենանտ Սամեդ Աբասովին: Նրանց դանակահարել են։ Ըստ ներկայացվող տեղեկատվության՝ կրոնական ծայրահեղականների 150-200-հոգանոց խումբը Գյանջայի քաղաքապետարանի շենքի դիմաց փորձել է խախտել հասարակական կարգը: Ներկայումս հայտնի է 40 անձի ձերբակալման մասին։ Դեպքի առթիվ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով քրեական գործ է հարուցել: Այդուհանդերձ, որոշ ուժեր թերահավատորեն են վերաբերվում տարածված պաշտոնական տեղեկատվությանը։ Օրինակ՝ Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության նախագահ Ալի Քերեմլին կարծում է, որ սպանված երկու ոստիկանը «ինչ-որ ուժերի կեղտոտ խաղերի զոհ են դարձել»։ Ընդ որում, տարածվող տեսանյութից պարզ է դառնում, որ բողոքի ակցիան տեղի էր ունենում կրթության նախարարության շենքի դիմաց և կապված էր հիջաբների հարցի հետ։
Ըստ էության, այս դեպքերը սերտորեն փոխկապակցված են հուլիսի 3-ին Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի դեմ իրականացված մահափորձի հետ, որի հետևանքով քաղաքապետն ու նրա թիկնապահը ծանր վիրավորվել էին։ Դեպքի առթիվ ձերբակալված 35-ամյա Յունիս Սաֆարովին մեղադրում էին ծայրահեղական մահմեդական խմբավորումներին անդամակցելու մեջ։ Կային նաև այլ «մեղադրանքներ»՝ կապված նրա մորական կողմից հայ լինելու ու ռուսական հատուկ ծառայությունների վրա աշխատելու մասին։ Որոշ աղբյուրներ նշեցին, թե Սաֆարովի արածը բացառապես անձնական վրեժի փորձ է եղել՝ կապված քաղաքապետի՝ իր քրոջ հանդեպ իրականացված ոտնձգություններում։ Նշենք, որ քաղաքապետը հայտնի էր իր առանձնակի դաժանությամբ և խնդրահարույց պահվածքով։ Այդուհանդերձ, ամենից շրջանառվողը տեսակետը Սաֆարովի՝ մահմեդական խմբավորումներին անդամակցելն է, թեև դա հաստատված տեղեկություն չէ։
–Ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ այս զարգացումները Ադրբեջանի համար։
-Ըստ էության, տարիներ շարունակ բանտարկելով կամ երկրից հեռացնելող ժողովրդավարական բարեփոխումների համախոհներին և այլ առավել առաջադեմ այլախոհական ուժերին, Ադրբեջանի վարչակարգը նպաստեց շատ առավել ծայրահեղ և վտանգավոր՝ իսլամական ընդդիմության ձևավորմանը, որն էլ կարող է ցանկացած պահի անկանխատեսելի դրսևորումներ ստանալ՝ անկայունացնելով ներքին իրավիճակը։ Իհարկե, Ալիևը կանի ամեն հնարավորը և առաջիկայում, ըստ իս, հետապնդումների նոր ալիք կսկսվի կրոնականների դեմ, սակայն որոշ գործընթացներ անխուսափելի են։ Շատերը դժգոհ են գործող վարչակարգից, մինչևդեռ այդ դժգոհությունը մշտապես ճնշվել է, իսկ դրա դրսևորման բոլոր ուղիները՝ փակվել։ Ուստի ելքեր կարող են փնտրվել առավել ծայրահեղական ուժերի գործողությունների մեջ, որոնք, ինչպես տեսանք, կարող են շատ բռնի լինել՝ հանգեցնելով մարդկային կորուստների։
–Ի՞նչ ազդեցություն դա կարող է ունենալ սահմանին և ընդհանրապես ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության վրա։
Գաղտնիք չէ, որ գործող վարչակարգը մշտապես էլ փորձել է իր ներքին խնդիրների «լուծումները» գտնել սահմանին իրավիճակը լարելով և ուշադրություն շեղելով, այդ տեսանկյունից, կարծում եմ, լրացուցիչ զգոնությունը այս օրերին մեզ չէր խանգարի։ Բայց բնական է, որ ներքին անկայուն իրադրության պայմաններում Ալիևը չի կարող գնալ լայնամասշտաբ էսկալացիայի և ռազմական գործողությունների վերսկսման, որոնք արագորեն կարող են օգտագործվել իր վարչակարգի դեմ, դա շատ ռիսկային է՝ իշխանության պահպանման տեսանկյունից։ Բացի այդ, նման դեպքերը գալիս են փշրելու բոլոր այն քարոզչական միֆերը, որոնք Բաքուն փորձում է օգտագործել հայկական իշխանությունների և հասարակության վրա։ Ուշագրավ է, որ ամիսներ շարունակ տարվող ռազմական հռետորաբանությունը, զենքի և ուժի ցուցադրումը ու տեղացող սպառնալիքները որոշակիոներն նվազեցին այս օրերին՝ Ադրբեջանի ներսում ստեղծված իրավիճակով պայմանավորված, խոսքը թե՛ Գյանջայի դեպքերի, և թե՛ Մինգեչաուրի ՀԷԿ-ում տեղի ունեցած խափանման մասին է, որի հետևանքով երկրի մեծ մասը հոսանքազրկվել և ջրազրկվել էր։ Ավելին, օրերս երկրի տնտեսական խնդիրների վերաբերյալ իր ելույթում Ալիևը 4-րդ անգամ նախագահ դառնալուց հետո առաջին անգամ, անդրադառնալով հակամարտության թեմային, «մոռացավ» խոսել պատերազմի սպառնալիքի և սեփական բանակի «հզորության» մասին։ Ուստի անգամ ելույթների մակարդակով կարող ենք նկատել, որ այս զարգացումները ազդում են Բաքվի վարչակարգի տրամադրությունների և հռետորաբանության վրա։ Սակայն թվացյալ հանգստությունը սահմանին չպետք է գերագնահատենք և կորցնենք զգոնությունը։
Աղբյուր՝ 1in.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր