Մանվել Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոցը չի փոխվել
Վերջերս Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրելու վերաբերյալ որոշումը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը:
Հարցին, թե ինչ հիմնավորմամբ է մերժվել վերաքննիչ բողոքը, Արսեն Մկրտչյանն ասաց՝ անհիմն կալանք, անհիմն մերժում. «Առաջին ատյանի դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանն ու Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը նախկին կոլեգաներ են, և իմ սուբյեկտիվ կարծիքով՝ իրավական առումով նույն մոտեցումն ունեն, նրանց մոտեցումներն առանձնապես իրարից չեն տարբերվում: Իրականում վերաքննիչ բողոքը մերժելն անհիմն էր»,-ասաց Արսեն Մկրտչյանը:
Առաջիկա անելիքների մասին փաստաբանը չհայտնեց, սակայն նշեց, որ որոշակի ռազմավարություն է մշակվում:
Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին, պաշտպանն ասաց, որ Մանվել Գրիգորյանը ստացիոնար բուժման կարիք ունի. «Այն հիվանդությունները որոնցով տառապում է Մանվել Գրիգորյանը, Հայաստանում չեն բուժվում, խոսքը նույնիսկ բուժման մասին չէ, այլ վիճակը կայուն պահելուն»: