«Փաստ».«Բարգավաճը» գալիս է օգնելու նոր իշխանությանը.Փաշինյանը չի կարող միաժամանակ աշխատել և՛ վարչապետ, և՛ քաղաքապետ, և՛ նախարար

Բարգավաճ Հայաստանը» գալիս է օգնելու նոր իշխանությանը: Մենք ասում ենք՝ ունենք մայրաքաղաքի առջև ծառացած խնդիրները լուծելու տեսլական: Արդար ընտրության արդյունքում երևանցին ում կտա վստահության իր քվեն, պարզ կլինի հետագայում, բայց եթե վստահության առավելագույն քվեն չտա մեզ և եթե ընտրությունները լինեն արդար, մենք պատրաստ ենք սեղմել հաղթողի ձեռքը և միասին լուծել Երևանի առջև ծառացած խնդիրները: Եվ այն անառողջ դեբատը, որը սկսվել է սոցիալական ցանցերում, թե իբր անկախ նրանից՝ թեկնածուն պրոֆեսիոնալ է, թե ոչ, ում էլ որոշի իշխող կուսակցությունը, նա էլ դառնալու է քաղաքապետ, ընդունելի չէ և չի կարելի նման ձևով մոտենալ հարցերին»,– ասաց պատգամավորը: Նա նաև ընդգծեց, որ այդօրինակ արտահայտություններն իրեն հիշեցնում են «պոլի փայտ լինի, ՀՀՇ–ից լինի», «անպատրաստ լինի, Հանրապետականից լինի» «կարգախոսները»: Եվ պետք է բոլորն ազնիվ լինեն միմյանց հանդեպ և կարողանան արդար գնահատել բոլոր ուժերին: «Ես հասկանում եմ, որ կա հանրային մեծ վստահություն ունեցող Նիկոլ Փաշինյան, բայց ես ասել եմ` Նիկոլ Փաշինյանը չի կարող միաժամանակ աշխատել և՛ վարչապետ, և՛ քաղաքապետ, և՛ նախարար: Ցանկացած բնագավառում պետք է աշխատի պրոֆեսիոնալ, մաքուր կենսագրությամբ, սկզբունքային, կոռուպցիայի հետ կապ չունեցող մարդ: Այս սկզբունքներով առաջնորդվելու դեպքում վստահ եմ` կհաղթի Երևանը և երևանցին: Պետք չէ ցանկացած քայլարշվին մասնակցածի որպես քաղաքապետի թեկնածու ներկայացնել: Եվ եթե լինի պրոֆեսիոնալ, ով հասկանում է քաղաքի խնդիրները, ապա մենք երկու ձեռքով կողմ կլինենք, որ ընտրվի արժանավորը: Եվ ի վերջո, հանդուրժողականության հեղափոխությունը եղել է նրա համար, որ այլևս չգործի՝ իմ թիմից է, ուրեմն բացարձակ մեկնարկային առավելություն ունի սկզբունքը: Սա անընդունելի է, քանի որ կփչացնի այն կարևոր ձեռքբերումը, որը մենք բոլորս միասին ունեցանք»,– համոզված է Ն. Զոհրաբյանը: Պատգամավորի խոսքով՝ «Բարգավաճ Հայաստանը» սիրո, բարության, հանդուրժողականության կոդերով է ընտրության գնալու և ասելու է, որ գալիս են օգնելու, երևանցիներին իրենց ծառայությունն առաջարկելու: Այդ դեպքում կվստահեն՝ լավ, չեն վստահի՝ կսեղմեն հաղթողի ձեռքը, բայց միայն այն հաղթողի, ով ազատ և արդար ընտրության արդյունքում է նվաճել այդ աթոռը: Խոսելով ՀՀԿ–ի՝ ավագանու ընտրություններին հնարավոր չմասնակցելու մասին, նա նշեց, որ գուցե նման որոշում են կայացրել՝ հաշվի առնելով այն փաստը, որ իրենք այլևս բացարձակ վստահություն չունեն հանրության շրջանում: Եվ, հավանաբար, մարտավարական առումով կարծում են, որ այս փուլում ընտրության գնալ ու ջախջախվելն ավելի վնասակար կլինի, քան առաջիկա խորհրդարանական ընտրություններին պատրաստվելը: «Քաղաքական, մարտավարական առումով, եթե ՀՀԿ–ն որոշում կայացնի չմասնակցել ավագանու ընտրություններին, իմ կարծիքով, ավելի ճիշտ կլինի»,– ասաց Ն. Զոհրաբյանը»:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում