Փաշինյանի ու իր թիմի ձախողումը չի բխում ոչ ոքի շահերից.Նիկոլ Փաշինյանի ամենավտանգավոր թշնամին

Հասարակությունը չէր հասցրել մարսել այս դեպքը, երբ պարզվեց, որ արդեն վարչապետ Փաշինյանի, աշխատակազմի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանը «Կյանքի խոսք» աղանդից է՝ երիտթևից։ Ընդ որում, այդ մասին հայտարարում է անթաքույց պարծենկոտությամբ: Աղանդի հետևորդ լինելը գուցե չարիքի փոքրագույնը լիներ, սակայն արի ու տես, որ այս երիտասարդն իր պաշտոնական դիրքն էլ է որոշել չարաշահել, գուցե գերագնահատելով իր «կալիբրը» և մտածելով, որ կարող է խլել այս կամ այն գործարարի բիզնեսը:
Հերթական «աչքի ընկնողը» ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանն էր, ով իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ շատ է շահարկվում Ապրիլյան քառօրյայի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը. «Եկեք հանգիստ թողնենք նրան, մանկահասակ դեմքով տղա, ով երևի չի էլ հասկացել, թե ինչ է կատարվում»,-ասել էր նա: Արտահայտությունը բուռն քննարկումների առիթ դարձավ, որին հաջորդեց Կարպիս Փաշոյանի պարզաբանումը, որից, սակայն, դժգոհության ալիքը չպակասեց: Արդյունքում՝ ևս մեկ անհաջող նշանակման արդյունքում ականատես եղանք հերթական հրաժարականին: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ևս անզգույշ է իր ընտրած կադրերի հարցում: Նրա օգնականներից մեկը՝ Միքայել Նահապետյանը իր ֆեսբուքյան գրառման մեջ թույլ է տվել իրեն իշխանության բերած հանրությանը հավ անվանել, և խոսում է այն մասին, որ վերջինս ընդամենը չի հասկանում՝ ում շնորհիվ է այդ աշխատանքին և ինչին է ինքը կոչված:
Մեկ այլ օրինակ՝ Սփյուռքի նախարարի խորհրդական էր նշանակվել 27 տարեկան Վաղարշակ Հակոբյանը: Հայկական մեդիան գրեց, որ ըստ «Հանրային ծառայության մասին» օրենքի, նա իրավունք չունի ևս երեք տարի՝ մինչև 30 տարեկանը, խորհուրդ տալ: Նախարարոթյունից սկզբում հերքեցին, այնուհետև ներողություն խնդրեցին, և նա նույնպես հրաժարական տվեց: Սկանդալների կիզեկատում է նաև Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով նշանակվելուց ի վեր կարծես միայն արդարացումներ փնտրելով է զբաղված՝ իր արած հայտարարությունների կամ նշանակումների համար: Մամուլում օրերս տեղեկություն տարածվեց, որ նախարարը հիմա էլ որոշել է իր խնամի-ծանոթ-բարեկամներին բաժանել ոլորտի ամենաքաղցր պատառները, մասնավորապես, փորձելով ազատել «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը՝ Արդարադատության նախարարի եղբոր համար:
Այս ընթացքում «կիքսեր» է թույլ տվել անգամ ՀՀ վարչապետի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Արսեն Խառատյանը, ով Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդաշարի եթերում աղմկհարույց հայտարարություն էր արել Սերժ Սարգսյանի՝ Արցախի հարցում բանագնաց դառնալու հավանականության վերաբերյալ: Փաշինյանն այնուհետև ստիպված էր հրապարակային հայտարարել, որ չի կիսում իր խորհրդականի այդ կարծիքը, բայց այստեղ էլ հարց է առաջանում՝ նման խորհրդականը Փաշինյանի ինչի՞ն է պետք...Բացի այդ կառավարությունից զատ՝ ՊԵԿ-ում շարունակվում են տարակուսելի նշանակումները, վերջին նման անտրամաբանական քայլն էլ «Ալրաղացի Լյովիկի» քրոջ որդու՝ Պիտուլի նշանակվելն է Բագրատաշենի մաքսակետի պետ: Եվ սա այն պարագայում, երբ ՊԵԿ նախագահ Անանյանն ընդունում է այն փաստը, որ վարչապետն իր նշանակումներին վերապահումներով է մոտենում...
Եվ այսպես՝ կադրերը գալիս են, հիասթափեցնում հասարակությանը, որը կենաց-մահու կռիվ էր տալիս նախկին իշխանություններից, նրանց հոռի բարքերից, մտածելակերպից ազատագրվելու համար և գնում են՝ փաստացի՝ «արջի ծառայություն» մատուցելով թավշյա հեղափոխությունն առաջնորդած Նիկոլ Փաշինյանին: Վերջին 27 տարում կադրային ոլորտում հիմնականում առաջնորդվել են «Պոլի փետ լինի, ՀՀՇ-ից լինի» տխրահռչակ սկզբունքով, այսինքն՝ կարևորը մեր «կռուգից» լինի, կարևոր չէ, որ անփորձ կամ անգրագետ է: ՀՀՇ-ին այնուհետև փոխարինեց ՀՀԿ-ն: Իսկ հիմա ի՞նչ է կատարվում՝ դատե՛ք ինքներդ:
Որ քաղաքական թիմը և որ գործիչն է ի վերջո պատասխանատու կադրային քաղաքականության այս ֆիասկոյի համար: Երբ հասարակության մի ստվար զանգված դժգոհում էր Հանրապետական կուսակցությունից՝ դա հասկանալի էր և օբյեկտիվ, բայց արդյո՞ք նույնանման գործելաոճ կարող է որդեգրել և նույնանման սխալներ կարող է անել հեղափոխական թիմը, որը ոչ միայն կարող է, այլև օբյեկտիվ իրականության պահանջներից դրդված՝ պարտավոր է լինել նախորդներից որակապես և բարոյապես ավելի լավը: Փաշինյանի կառավարման այս ամիսները ցույց տվեցին, որ նա գիտակ-մասնագետների թիմը չունի՝ կողքին երեխաներ են՝ անկարգներ, աղանդավորներ, պադատվատի համար ուշքը գնացածներ, մասնագիտորեն անհամապատասխաններ, իսկ որոշ դեպքերում էլ, այդ ամենը միախառնված։ Կարևոր է հասկանալ, որ նոր իշխանությունն, այնուամենայնիվ, դեռևս հենվում է մեկ անձի՝ գործող վարչապետի հեղինակության վրա: Եթե ժամանակի ընթացքում այդ կապիտալը հնարավոր լինի փոխանցել համակարգին՝ Հայաստանն իրապես ժողովրդավարական պետության մոդել կդառնա: Փաշինյանի ու իր թիմի ձախողումը չի բխում ոչ ոքի շահերից, որովհետև դրա հետևանքները կրելու ենք բոլորով՝ անկախ նրանից, թե ինչպես էիք վերաբերվում թավշյա հեղաշրջմանը ու դրա հերոսներին։