Մհեր Սեդրակյանի մտերիմները պաշտոններ են ստանում.իսկ ի՞նչ կապ ունի այս ամենի հետ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը

Վարչական շրջանի բնակիչներին մտահոգում է փաստը, որ Մհեր Սեդրակյանն իր դիրքերը ամրապնդելու առաջին փորձն արդեն արել է՝ Մանյա Ղազարյանին համար 63 մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով:
Թեև քաղաքապետարանի պաշտոնական էջից մենք տեղեկացանք, որ Մանյա Ղազարյանը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է, բնակիչները մտավախություն ունեն, որ վերջինս շարունակելու է պաշտոնավարել: Մանյա Ղազարյանը պաշտոնից ազատել էր Էրեբունի վարչական շրջանի նոր ղեկավարի նշանակումից հետո, այսինքն՝ 2017 թվականի սկզբին: Իսկ մինչ այդ երկար տարիներ նա եղել է թիվ 63 մանկապարտեզի տնօրեն:
Իսկ ի՞նչ կապ ունի Մանյա Ղազարյանը Մհեր Սեդրակյանի հետ:
Մեր աղբյուրի հավաստմամբ, Մանյա Ղազարյանը Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) մտերիմներից է: Ղազարյան-Սեդրակյան հարաբերությունների վրա մեծ ազդեցություն ունի Մանյա Ղազարյանի եղբայրը՝ Բաբկեն Ղազարյանը (Բաբոն), ով զբաղեցնում էր Արարատյան մաքսատան պետի պաշտոնը: Բաբկեն Ղազարյանը Մհեր Սեդրակյանի որդու՝ Դավիթ Սեդրակյանի մտերիմ ընկերն է:
Հիշեցնենք, որ 2014 թվականին Մհեր Սեդրակյանը թիվ 17 դպրոցի տնօրենին աշխատանքից հեռացրել էր տվել, քանի որ տնօրենը դիտողություն էր արել Բաբկեն Ղազարյանի քրոջորդուն՝ դասի ընթացքում բջջային հեռախոսով խոսելու համար:
Ըստ մեր աղբյուրի՝ Մանյա Ղազարյանի վերադարձից հետո Մհեր Սեդրակյանը փորձելու է Էրեբունու թաղապետարանում կրկին իր կադրերին աշխատանքի տեղավորել: «Խոսակցություն կա, որ Մանյա Ղազարյանի ամուսնուն՝ Արամ Մաճկալյանին ուզում են թաղապետ նշանակել: Էդ մարդը թաղապետարանի կոմունալ բաժնի պետի տեղակալի պաշտոնն ա զբաղեցրել, հիմա ուզում են առաջ տանել»:
Հատկանշական է, որ Մհեր Սեդրակյանի մտերիմների նախկին պաշտոններին վերադառնալուն հետ անուղղակի կերպով կապվում է ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի անունը: Բանն այն է, որ Վանեցյանը մտերիմ հարաբերությունների մեջ է Բաբկեն Ղազարյանի հետ:
Պատահական չէ, որ Արթուր Վանեցյանի հոր՝ Գագիկ Վանեցյանի հետ Մանյա Ղազարյանը համատեղ բիզնես է ունեցել: 2014-ի հոկտեմբերին Գագիկ Վանեցյանը Երևանի բնակիչներ Արմեն Պեպանյանի և Մանյա Ղազարյանի հետ հիմնել է «Էյ Բի Տրանս» ՍՊԸ-ն: 100.000 դրամ կապիտալով ընկերությունը գրանցվել է Ղազարյանի հասցեում, սակայն 2016-ին վերջինս դուրս է եկել ՍՊԸ-ից, և այժմ դրա 60 տոկոսը պատկանում է Վանեցյանին, իսկ 40-ը՝ Պեպանյանին: Ի սկզբանե տնօրենը եղել է Վանեցյանը, սակայն 2015-ին նրան փոխարինել է նույնպես երևանցի Արթուր Արշավիրի Գրիգորյանը:
Հին կադրերը վերադառնում են, ինչը մտահոգում է Էրեբունի վարչական շրջանի բնակիչներին: Վերջիններս դեմ են Մանյա Ղազարյանի՝ մանկապարտեզի տնօրենի պաշտոնում նշանակմանը: «Մենք պատրաստվում ենք դիմել վարչապետին և եթե դրական արդյունքի չհասնենք, ապա փակելու ենք փողոցները: Մենք չենք ուզում, որ Թոխմախի Մհերի իշխանությունը նորից հաստատվի Էրեբունիում», նշում են բնակիչները:
Հավելենք, որ 2014 թվականին Աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար, Երևանի քաղաքապետի կարգադրությամբ, մայրաքաղաքի թիվ 63 մանկապարտեզի տնօրեն Մանյա Ղազարյանի նկատմամբ կիրառվել է խիստ նկատողություն կարգապահական տույժը, որը կիրառվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության և հանրակրթության վարչությունների կողմից քաղաքապետարանի «Թեժ գծի» հեռախոսահամարով ստացված ահազանգի ուսումնասիրման արդյունքում:
Էրեբունի համայնքի բնակիչներ