Կծիկը քանդվում է. Քրեա-օլիգարխիկ համակարգը պայթեց
![Կծիկը քանդվում է. Քրեա-օլիգարխիկ համակարգը պայթեց Կծիկը քանդվում է. Քրեա-օլիգարխիկ համակարգը պայթեց](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-07/medium/1532675628_qochi-n130292-1.jpg)
Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ «նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը»:
Իսկ այսպես ասած հիմքը 0038 գաղտնի հրամանն է, բանակի ներքաշումը ներքաղաքական իրադարձություններին: Նույն հոդվածով մեղադրանք է ներկայացվել այն ժամանակ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին: Քոչարյանն ասում է, որ այդ հրամանի հետ ինքը կապ չունի:
Հարցաքննվել է ներկայում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: Հնարավոր են այլ բարձրաստիճան զինվորականների հարցաքննություններ, որի մասին ակնարկում է նաեւ Քոչարյանը:
Քրեական օրենսգրքի այս հոդվածը «ունիվերսալ» է եւ կարող է առնչվել բոլորին, ովքեր դեմ չեն եղել Քոչարյանի որոշմանը: Դրանք թե բարձրաստիճան պաշտոնյաներն են, սկսած Սերժ Սարգսյանից, թե օլիգարխները, որոնց բանդաները ՊՆ-ից հագուստ էին ստացել եւ ներգրավվել իրադարձություններին:
Ի դեպ, օլիգարխների ցուցակը կա, ժամանակին հրապարակվեց մամուլում:
Քոչարյանն ասում է, որ իր հետ կատարվածը ռումբ է պետականության տակ, որը պայթելու է: Իրականության մեջ, երեկվա իրադարձություններն իսկապես ռումբ են, Հայաստանում երկու տասնամյակ իշխանությունը յուրացրած քրեական օլիգարխիայի համակարգի տակ դրված ռումբ:
Քոչարյանին մեղադրանք առաջադրելն այս տեսանկյունից շրջադարձային իրադարձություն է ոչ միայն մարտի 1-ի բացահայտման գործում, այլեւ քրեա-օլիգարխիկ համակարգի ապամոնտաժման գործընթացում:
Զուր չէ, որ Քոչարյանը հիշատակում է բոլորին, ովքեր «դեմ չէին արտակարգ իրավիճակին»: Այն մտցվեց համակարգի իշխանությունը պահպանելու համար: Քանի որ դա մորթապաշտների համակարգ էր, պետք է ենթադրել, որ ամեն մեկը փորձելու է փրկել ինքզինքը, խորտակելով մյուսներին եւ այդպիսով պարզելով նորանոր հանգամանքներ: