Պաշտոնական Երեւանի կոշտ ու համարժեք պատասխանը ՌԴ ԱԳՆ-ին
![Պաշտոնական Երեւանի կոշտ ու համարժեք պատասխանը ՌԴ ԱԳՆ-ին Պաշտոնական Երեւանի կոշտ ու համարժեք պատասխանը ՌԴ ԱԳՆ-ին](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-07/medium/1532941427_khachaturuv.jpg)
Այս մասին «Ինտերֆաքս»-ին է ասել Երևանում բարձրաստիճան աղբյուրը, պատասխանելով խնդրանքին՝ մեկնաբանել Մոսկվայում բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրի հայտարարությունն այն մասին, թե «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց սկսելու՝ Երևանից հնչած հայտարարությունները ոչ պրոֆեսոնալ են»։
«ՀԱՊԿ կանոնադրության, գործընթացի կանոնների և այլ փաստաթղթերի հանրային քննարկումները համարում ենք ոչ արդյունավետ․դրանք մեզ քաջ հայտնի են, և դրանց հետ խիստ համապատասխանությամբ է Հայաստանը կառուցում իր համագործակցությունը կազմակերպության շրջանակներում», -ասել է աղբյուրը։
«Մեր ռուսաստանցի գործընկերների հետ մենք վարում ենք կառուցողական ու ընդգրկուն երկխոսություն երկկողմ և բազմակողմ օրակարգի բոլոր ուղղություններով, որը կյանքի է կոչվում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ոգուն համապատասխան և շփման կայացած, հուսալի խողովակների միջոցով»,- հավելել է գործակալության զրուցակիցը։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել էր, որ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ երկրներին՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին փոխելու գործընթաց նախաձեռնելու մասին, նկատի առնելով այդ պաշտոնը զբաղեցնող Յուրի Խաչատուրովին Հայաստանում մեղադրանքի առաջադրումը:
Ի պատասխան, ՌԴ ԱԳՆ դիվանագիտական աղբյուրը բավական կոպիտ արձագանքել էր ՀՀ ԱԳՆ-ին, այդ կոչը որակելով ոչ պրոֆեսիոնալ: Նա ասել էր, թե Հայաստանի ԱԳՆ-ն ապշեցուցիչ անտեղյակություն է դրսեւորել այն հարցում, թե ինչպիսին է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետկանչի ընթացակարգը: Իսկ ավելի ուշ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը, ըստ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության, հեռախոսազրույց էր ունեցել ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանի հետ եւ պարզաբանել, որ Հայաստանն ինքը պետք է սկսի գլխավոր քարտուղարին հետ կանչելու գործընթաց:
ՌԴ ԱԳՆ արձագանքն աննախադեպ էր, քանի որ այդ խնդիրը կարող էր կարգավորվել դիվանագիտական խողովակներով, ինչպես միշտ: Եվ պաշտոնական Երեւանը հրապարակային համարժեք պատասխան է տալիս այս իրավիճակում: