Խաչատուրովի հարցով լուծում գտնվել է, Քոչարյանի հարցով` դեռ ոչ
Քոչարյանի ձերբակալությունն ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական զարգացումների հետևանք կարող են լինել: Այսպես է կարծում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
Ըստ նրա՝ Հայաստանն ու Ռուսաստանը ժամանակին պայմանավորվածություն են ունեցել, ինչի վառ ապացույցը Քոչարյանի ձերբակալությունից հետո Լավրովի հայատարարությունն էր:
«Դրա մասին քիչ են խոսում, բայց կարևոր նոտա կար Լավրովի հայտարարության մեջ։ Ինչ-որ մեսիջներ կան, որ Հայաստանի նոր իշխանությունները խախտում են պայմանավորվածություններն անձեռնմխելիության շուրջ, կարծես։ Այստեղ հարց է առաջանում, թե ո՞ւմ հետ են եղել այդ պայմանավորվածությունները: ՌԴ իշխանություններն ինչ-որ չափով բացում են քարտերը: Իհարկե, չեմ կարծում, որ Խաչատուրովի դեպքն էր ամենակարևորը Ռուսաստանի համար, այլ դա առիթ էր, որ ՌԴ-ն ինչ-որ կերպ պաշտոնապես արտահայտի իր իրական վերաբերմունքն այն ամենի հանդեպ, ինչ կար»,– նկատեց բանախոսը:
Ըստ քաղտեխնոլոգի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի՝ Յուրի Խաչատուրովի շուրջ լուծում գտնվեց, իսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասով՝ դեռ ոչ։
«Խաչատուրովի շուրջ լուծում գտնվեց։ Այնտեղից հասկացրին, այստեղ հասկացան։ ՌԴ դեսպանը հանդիպեց ԱԱԾ ղեկավարի հետ, դրանից հետո ՀԱՊԿ-ի հարցը ոչ միայն լուծվեց, այլև նա վերադարձավ Մոսկվա, շարունակում է իր գործունեությունը»,-ասաց Վիգեն Հակոբյանը: