ՀՀԿ-ի նախաձեռնած ստորագրահավաքի փաստը չի ոգևորել Քոչարյանին
Օրեր առաջ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը նախաձեռնեց ստորագրահավաք՝ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի փոփոխման պահանջով։ Մեկ շաբաթվա ընթացքում ստորագրահավաքին միացան 46 պատգամավոր, որոնց մեծամասնությունը Հանրապետական կուսակցությունից են, այդ ցանկում կան նաև 3 դաշնակցական պատգամավորներ։ Factor.am-ը Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանից հետաքրքրվեց՝ ինչպես է արձագանքել 2-րդ նախագահը, երբ իմացել է, որ ի պաշտպանություն իրեն Հանրապետական կուսակցությունը ստորագրահավաք է նախաձեռնել։ Հարցին ի պատասխան՝ Հայկ Ալումյանը նշեց․ «Ոչ մի ոգևորվածություն։ Ես չնկատեցի, որ այդ ստորագրահավաքը նրան ոգևորեց, ես չնկատեցի, որ նա դրան կարևորություն տվեց, միգուցե, տվել է, բայց ես նման բան չնկատեցի»։
Ի դեպ, հիշեցնենք, որ վերջին 10 տարիների ընթացքում Ռոբերտ Քոչարյանը բազմիցս է հրապարակավ սուր քննադատության ենթարկել հանրապետականների իշխանության գործունեությունը։ Մի առիթով էլ նա հայտարարել էր, որ անձամբ ինքն է ժամանակին կազմել ցուցակները և որոշել, թե ՀՀԿ-ականներից ով պետք է հայտնվի խորհրդարանում։