Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

13 օգոս 2018 11:52

Շանթին չարդարացնելն ամենահակահեղափոխական քայլն է. նոր իշխանությունը վախենում է Մոսկվայից

Շանթին չարդարացնելն ամենահակահեղափոխական քայլն է. նոր իշխանությունը վախենում է ՄոսկվայիցՄշակույթի գործիչները, իրավապաշտպանները բաց նամակով դիմել են վարչապետ  Նիկոլ Փաշինյանին Շանթ Հարությունյանի արդարացման պահանջով։ Նամակում մասնավորապես նշված է.«Թավշյա հեղափոխությամբ արթնացած հույսը վերաբերում էր նաև արդարության վերականգնմանը։ Քաղբանտարյալների, մասնավորապես՝ Շանթ Հարությունյանի արդարացման հարցը իրավականից բացի ունի մշակութային նշանակություն։ Ստեղծագործական կյանքով ապրող մարդու համար հանդուրժելի չեն արդարության ընտրովի մոտեցումները. այս միտքն անգամ կարող է փոշիացնել ժողովրդական ջանքով նվաճված ձեռքբերումները»։


Երաժիշտ-երգահան Եղիշե Պետրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Շանթ Հարությունյանը, եթե համաձայներ ազատ արձակվել համաներումով, ապա վաղուց դրսում կլիներ.«Շանթ Հարությունյանը չի կարծում, որ մեղք է գործել և իրեն պետք է ներել։ Նա ասում է՝ ես քաղաքական բանտարկյալ եմ և քաղաքական ձևով էլ պետք է արդարացվեմ, ու ես նրա հետ համաձայն եմ»,-ասաց Եղիշե Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ ընդհանրապես բոլոր հարցերում մենք բարդությունների առջև ենք կանգնած, որովհետև ամբողջովին ավերված են բոլոր պետական ինստիտուտները, այդ թվում՝արդարադատությունը. դատական համակարգում նոր մարդիկ չեն եկել, դեռ հներն են, որոնք նոր իրավիճակին ադապտացվելու խնդիր ունեն։ Ոմանք, ըստ նրա,  կհաղթահարեն դա, ոմանք կմնան հին աշխատելաոճով և, բնականաբար, կկորցնեն իրենց աշխատանքը, բայց այդ ընթացքում կձևավորվի արդարադատության նոր սերունդը։

Եգիչ-երգահան Էդուարդ Զորիկյանը, ով նույնպես միացել է մշակույթի գործիչների բաց նամակին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանին մինչ օրս ճաղերի ետևում պահելու որևէ ստույգ պատճառ չի կարող նշել։ Նրա խոսքով՝ Հայաստանում քաղբանտարկյալներ չպիտի լինեն. «Քաղաքական գործիչներն իրենց հայացքները, գործողությունները ազատ իրականացնելու հնարավորություն պիտի ունենան։ Շանթը սկսեց հեղափոխություն, ինչի համար բանտարկվեց։ Շանթին չարդարացնելն ամենահակահեղափոխական քայլն է, ուստի համոզված եմ, որ քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանն արդարացվելու է։ Ես ստորագրել եմ «Ազատություն Շանթ Հարությունյանին» նախաձեռնությունը, բայց մեր դիմումով, կամ կոչով չէ՛, որ պիտի նրան ազատ արձակեն։ Դատարանը պիտի վերանայի նախկինում կայացրած վճիռը։ Այսօր դատարանին տրվել է ազատ գործելու հնարավորություն։ Շանթը պիտի արդարացվի։ Դատական համակարգը հենց նման վճիռներով պիտի մաքրվի և, ի վերջո, կայանա»,-ասաց նա։

Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ  Շանթ Հարությունյանն ունի հստակ քաղաքական դիրքորոշում, որը չէր համապատասխանում նախկին իշխանություններին, ինչպես նաև չի համապատասխանում Հայաստանի նոր ղեկավարության դիրքորոշման հետ. խոսքը ռուսական կողմնորոշման մասին է։ Եվ հիմա, նրա խոսքով, ազատ արձակել կամ արդարացնել քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանին, ով ունի հստակ դիրքորոշում՝ այն է, ազատվել ռուսական գաղութատիրությունից, երկիրը դուրս բերել ԵՏՄ-ից, ՀԱՊԿ-ից, տանել հակառակ ուղղությամբ, բնականաբար, դա, ըստ Փաշինյանի, վատ կանդրադառնա հայ-ռուսական հարաբերությունների վրա, դրա համար էլ նա չի ցանկանում այդ խնդիրների առջև կանգնել և բարկացնել ռուսներին։
Հարցին՝ արդյոք կա որոշակի հիասթափությո՞ւն, Շահեն Հարությունյանը պատասխանեց. «Երբ Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ փողոց պայքարելու, ես առաջիններից մեկն էի, որ միացա իրեն։ Միջոցառում բացեցինք՝ «Երևանն աջակցում է Նիկոլ Փաշինյանի շարժմանը» անվանումով և գնացինք նրան դիմավորեցինք։ Այդ ժամանակ նրանք դեռ մի 15 հոգի էին։ Մենք այդ ժամանակ երևի հույս էլ չունեինք, որ լուրջ շարժում կդառնա, բայց անգամ լուրջ շարժում դառնալուց հետո էլ մենք հույսեր չունեինք, որ Շանթ Հարությունյանն ազատ է արձակվելու։ Եթե Նիկոլ Փաշինյանը փոխելու էր երկրի արտաքին քաղաքական վեկտորը, այո, այդ դեպքում հնարավոր էր Շանթ Հարությունյանի ազատ արձակումը անգամ արդարացման տարբերակով։ Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը շարունակելու էր պահել նույն ՀՀԿ-ի որդեգրած արտաքին քաղաքական վեկտորը, Շանթ Հարությունյանը մնալու էր բանտում։ Այնպես որ, սպասելիքները այն էր, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը կփոխի արտաքին քաղաքական գիծը, թե ոչ»,-ասաց Շանթ Հարությունյանի որդին՝ հավելելով, որ սկզբում հույս կար, որ կփոխի, որովհետև միշտ ընդդիմախոսել է ԵՏՄ-ին, ռուսական գաղութատիրությանը, բայց հետո եղան մի քանի դեպքեր, որոնցից պարզ դարձավ, որ նա չի փոխելու արտաքին կուրսը։
«Այնպես որ սպասելիքները մեծ չեն եղել։ Բայց նույնիսկ այդ պարագայում ես կանգնել եմ Նիկոլ Փաշինյանի կողքը, որովհետև կար գլխավոր նպատակ՝ ազատվել Սերժ Սարգսյանի իշխանությունից»,-ասաց Շահեն Հարությունյանը։
Սա, նրա խոսքով, իշխանություն է, որ իշխանության է եկել ժողովրդական շարժման միջոցով, տվել է որոշակի խոստումներ և պարտավոր է այդ խոստումները կատարել, և եթե այս իշխանությունները նույնպես չկատարեն իրենց խոստումները, ժողովուրդը նույն սկզբունքով, ինչ Սերժ Սարգսյանի օրոք, պետք է դուրս գա փողոց և պահանջի այս իշխանությունների հրաժարականը.«Կամ սկզբի համար պետք է պահանջի խնդիրների լուծումները, իսկ եթե տեսնի, որ անտեսում են,  նույն սկզբունքով պետք է դուրս գա Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ։ Այո, ընդունում ենք, որ Նիկոլ Փաշինյանն, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, ունի բարոյական, մարդկային նկարագիր, որը երևի բացակայում էր Սերժ Սարգսյանի մոտ։ Բայց դա չի նշանակում, որ եթե իրենք սխալվեն կամ չկատարեն իրենց խոստումները, մենք պետք է ասենք, այս իշխանությունն ավելի բարոյական է ու ոչ ոք ոչ մի քայլ չանի։ Այնպես որ հավատի խնդիր չկա, կանեն՝ շատ լավ, չեն անի՝ ուրեմն վատ է իրենց համար։ Ժողովուրդը կփորձի ավելի լավ իշխանություն ձևավորել»։
Ըստ Շահեն Հարությունյանի՝ այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանը չէր ցանկանա Շանթ Հարությունյանին ազատ արձակել. նրանք նույն «Մարտի 1»-ի գործով դատապարտվել, ազատազրկվել են, նրանք որոշակի պայքարի ուղի են անցել իրար հետ, մարտի 1-ի գիշերը երկուսով են մնացել հարթակին։
«Եթե ինքն ունենար հնարավորություն, հաստատ ազատ կարձակեր Շանթ Հարությունյանին։ Այ եթե ժողովուրդը դուրս գա փողոց ռուսական գաղութատիրության դեմ, և հայտարարի, որ ուզում է արևմտյան աշխարհակարգի մաս դառնալ, այդպիսի նոր իշխանություն ձևավորի, կամ էլ Նիկոլ Փաշինյանը հենվելով ժողովրդի տրամադրությունների վրա, կարողանա հայ-ռուսական հարաբերություններում փոփոխություններ մտցնել, ավելի ինքնիշխան և անկախ դիրք ունենալ։ Այդ պարագայում շատ ավելի հավանական կլինի Շանթ Հարությունյանի ազատ արձակումը, եթե նա չվախենա ռուսական ճնշումներից»,-հավելեց Շահեն Հարությունյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր