Կրեմլը ակնկալում է, որ Ռուսաստանին կտեղեկացնեն Ուկրաինայի հետ Սաուդյան Արաբիայում կայացած բանակցությունների մանրամասները          Շղթայական ավտովթար Սյունիքի մարզում, բախվել են «BMW X5», «Touareg», «Mercedes», «Kia», «Chevrolet», «Toyota» մակնիշի ավտոմեքենաները       Աննա Վարդապետյանը պահանջում է քրեական հետապնդում հարուցել Հովիկ Աղազարյանի և Տարոն Մարգարյանի նկատմամբ    

14 օգոս 2018 11:10

Քոչարյանը հիմա մոբիլիզացնելու է իր ողջ ռեսուրսները․ նա վտանգավոր էր բանտարկված, բայց տասնապատիկ առավել վտանգավոր է ազատության մեջ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը:

-Պարո՛ն Մարտիրոսյան, Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքները, ինչպես Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանն ասաց՝ նախկին նախագահի անձեռնմխելիության հիմքով։ Ինչ կարո՞ղ է անել Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ։

-Քոչարյանը վտանգավոր էր բանտարկված, բայց տասնապատիկ առավել վտանգավոր է ազատության մեջ: Նա հիմա մոբիլիզացնելու է իր ողջ ռեսուրսները և գլխավորելու է հակահեղափոխության բարձրացող ալիքը: Իրականում դատարանը կեղծ ու հանցավոր որոշում է կայացրել, և սա վկայությունն է այն բանի, որ չէր կարելի հանդուրժել դատարան և դատավորներ, որոնք ներկայացնում էին և սպասարկել են այն ռեժիմը, որը մերժեց ժողովուրդը: Այս թողտվության համար հեղափոխական իշխանությունը շատ թանկ է վճարելու:

-Ինչո՞ւ դատարանը նման որոշում կայացրեց, և սա որքանով է վնաս հասցնում հենց հեղափոխությանը։

-Դատարանն այդպիսի որոշում կայացրեց, որովհետև կամ շահագրգռված է, կամ ահաբեկված, կամ էլ սպասարկում է սեփական շահերը, որոնք համընկնում են Քոչարյանի շահերին: Եվ սա մեծագույն հարված է արդարադատությանը, ժողովրդին, պետությանն ու իշխանությանը:

-Ի՞նչ եք կարծում, սա որքանո՞վ վնաս կհասցնի 17-ի հանրահավաքին և ընդհանրապես Փաշինյանի կառավարությանը։

-Ես կարծում եմ, որ ինչպիսին որ էր 17-ի հանրահավաքը, հիմա պետք է վերանայվի բովանդակային առումով: Այդ հանրահավաքում, ի թիվս նախկին օրակարգի, նաև արդեն անհրաժեշտ է խիստ կտրուկ հայտարարություններ անել և նոր, հստակ ուղեգիծ որդեգրել: Եթե իշխանությունը չկտրուկացնի իր քայլերը, մենք բոլորով կբռնենք ձախողման ուղին և տանուլ կտանք հեղափոխությունը: Ահռելի երկրորդական վտանգներ կան, որոնք, կարծես թե, անտեսվում են:

-Դատարանի որոշման մեջ տեսնո՞ւմ եք արդյոք հնարավոր արտաքին ազդեցություն՝ հաշվի առնելով Լավրովի հայտարարությունն այդ կապակցությամբ։

-Եթե Հայաստանի Հանրապետության դատավորն ուղղորդվել է այլ պետության արտգործնախարարի հայտարարությամբ, այլ ոչ սեփական երկրի օրենքներով և ժողովրդի կամքով, ապա նման դատավորին պետք է դատել:

-Հաշվի առնելով անձեռնմխելիության հիմքը՝ հնարավո՞ր է արդյոք, որ Քոչարյանի հանդեպ ընդհանրապես դադարեցվի քաղաքական հետապնդումը։

-Ինչ վերաբերում է անձեռնմխելիությանը, ապա սահմանադրական այդ դրույթն աբսուրդ է և չի վերաբերում Քոչարյանի դեպքին: Իշխանության զավթումը չի բխում պաշտոնական պարտականությունների կատարումից: Այդպիսի դատարան Հայաստանին պետք չէ: Իշխանությունը, իսկ նրանից առաջ ժողովուրդը, արդեն պարտավոր են տեր կանգնել սեփական հեղափոխությանն ու արտահայտված կամքին և բարոյական ու իրավական պատասխանատվության կանչել այս դատական համակարգը: Ողջ դատական համակարգն անհրաժեշտ է արագ փոխել: Դրան այլընտրանք չկա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր