Հայաստանի ոստիկանները հայտնաբերել են ԱՄՆ իրավապահների կողմից թուրք հետախուզվողի.տեսանյութ

Օգոստոսի 23-ին Քեվին Օքսուզի նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում ԱՄՆ քրեական օրենսգրքի հատկանիշներով, մասնավորապես՝ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովից փաստացի նյութերը կեղծելու միջոցով թաքցնելու և ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովին կեղծ հայտարարագիր ներկայացնելու /4 դրվագ/ մեղադրանքներով: Միջազգային հետախուզում հայտարարելուց հետո՝ հաջորդ օրն իսկ, նա ոստիկանության տեսադաշտում էր, և ոստիկանության պետի անմիջական հսկողությամբ ձեռնարկվեցին ծավալուն, անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
Օքսուզը թուրքամերիկացիների և եվրասիացիների հասարակական, շահույթ չհետապնդող կազմակերպության նախագահն էր: Կազմակերպության նպատակն էր սերտ հարաբերություններ հաստատել թուրքերի և ամերիկացիների միջև՝ կազմակերպելով ուղևորություններ դեպի Թուրքիա և Ադրբեջան: 2013 թվականին Օքսուզը այլ անձանց հետ մի քանի ԱՄՆ կոնգրեսականների էր հրավիրել մասնավոր ուղևորության դեպի Ադրբեջան և Թուրքիա: ԱՄՆ կոնգրեսականների մասնավոր այցերը կանոնակարգվում են Էթիկայի հանձնաժողովի կողմից՝ ԱՄՆ ճանապարհորդությունների մասին կանոնակարգի դրույթների համաձայն: Այս կանոնակարգի համաձայն՝ ուղևորության հովանավորները պետք է լրացնեն հատուկ ձևաթղթեր, ինչը կհավաստի ուղևորության համար ծախսվող ֆինանսավորման աղբյուրները, նաև պետք է նշվի վճարումների աղբյուրը և փաստացի ծախսերը: Որպես ճամփորդության ենթադրյալ կազմակերպիչ Օքսուզը էթիկայի հանձնաժողովին ներկայացրել է ձևաթղթեր, որոնք կեղծել է, և նշել, որ կազմակերպությունը ուղղակի կամ անուղղակի որևէ աղբյուրից ֆինանսական միջոցներ չի ստացել:
Պարզվել է, որ Օքսուզի ղեկավարած կազմակերպությունը փաստացի չի վճարել բոլոր ծախսերի համար և ստացել է ֆինանսավորումներ, այդ թվում՝ Ադրբեջանի կառավարությանը պատկանող` «Սոկար» նավթարդյունաբերական ընկերությունից: Պարզվել է նաև, որ ԱՄՆ կոնգրեսի 9 անդամներ և աշխատակազմի 32 անդամներ ստացել են հարյուր հազարավոր դոլարների արժողության նվերներ: Քեմալ Օքսուզը իր գործունեությունից ներկայացրեց նաև որոշ մանրամասներ: Քեմալ Օքսուզը ձերբակալված է: