Հրամանատարից մինչև պահեստապետ. ինչ է սպասվում 187 զինվորին
![Հրամանատարից մինչև պահեստապետ. ինչ է սպասվում 187 զինվորին Հրամանատարից մինչև պահեստապետ. ինչ է սպասվում 187 զինվորին](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-09/medium/1536566721_35-3-601x440.jpg)
Այսպիսով` ի՞նչ է տեղի ունեցել: Տեղեկացանք, որ Սերգեյ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա լինելով ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, պարտավոր լինելով ժամանակին պահանջել եւ կազմակերպել նյութական միջոցների ստացումը, պահպանությունը եւ հաշվառումը` չի արել այն: Իսկ Շավարշ Գեւորգյանը եղել է վերոնշյալ ՀՀ ՊՆ զորամասի հրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման գծով տեղակալ եւ օրենքով պետք է ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 101 եւ 102 հոդվածների համաձայն` կազմակերպեր նյութական միջոցների գնդի ստորաբաժանումների ժամանակին ապահովումը եւ անձնակազմի բարձրորակ սնունդը, վերահսկել նյութական միջոցների նախատեսված չափերը յուրաքանչյուր զինծառայողի համար, սակայն չի արել այն՝ խախտելով նշված զորակոչի զինծառայողների իրավունքները: Այսքանով պաշտոնատար անձանց ներգրավվածությունը չի սահմանափակվում:
Պարզեցինք, որ Դավիթ Կիրակոսյանը եղել է հենց նույն զորամասի իրային ծառայության պետը եւ պարտավոր լինելով ժամանակին պահանջել եւ կազմակերպել իրեղենի եւ սանիտարական գույքի ստացումը, պահպանումն ու գնդի ստորաբաժանումների բացթողումը` դարձյալ չի գործել: Ռազմիկ Բարսեղյանին էլ այս գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա լինելով ՀՀ ՊՆ N զորամասի իրային ծառայության պահեստի պետ` օժանդակել է նույն զորամասի հրամանատարների իշխանազանցություն կատարելուն, որի արդյունքում զորակոչերի` թվով 187 զինծառայողների իրավունքները ոտնահարվել են: Սակայն այս պատմության մեջ ամենացավալին այն է, որ զինվորներին սնունդ ու այլ պարագաներով ժամանակին չապահովելու ողջ գործընթացն իրականացվել է զորամասի հրամանատարի իմացությամբ, ինչպես ասում են` ձուկը գլխից է հոտած եղել: Եւ ըստ էության այսօրինակ դրսեւորումներն են պատճառը, որ զինվորներն իրենց ծնողներից անհրաժեշտ սնունդ եւ այլ իրեր են խնդրում: Ինչեւէ, հավելենք, որ նշված անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38 հոդվածի` հանցափորձ եւ 375 հոդվածի` պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցություն հոդվածների հատկանիշներով: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալը: