Կալանավորման որևէ հիմք չկար.Հայկ Սարգսյանի ընկերները պատրաստ են եղել վճարել 50 մլն դրամ գրավը

Primenews.am-ի թղթակցի հետ զրույցում նա կատարվածը կարճ որակեց` արդարությունը վերականգնվեց: «Կալանավորման որևէ հիմք չկար: Վարույթ իրականացնող մարմինը գտել էր, որ 2018 թ. հուլիսի 4-ին ստորագրությունը լիարժեք բավարար էր, որպեսզի խոչընդոտման վտանգը կանխվի: Փաստում եմ, որ կալանքի հիմք ընդհանրապես գոյություն չունի»:
Անդրադառնալով գրավի չափին փաստաբանը նշեց, որ բավականին բարձր շեմ է, որը պատրաստ են եղել վճարել Հայկ Սարգսյանի ընկերները: Հայկ Ալեքսանդրի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2007 թվականի ապրիլի 1-ին` ժամը 16:00-ի սահմաններում, իր բնակության վայրի` Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած և պահվող, հրազեն հանդիսացող տեսակի մոդելի ատրճանակով Դավիթ Աշոտի Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում: Գործի հետ կաված որպես իրեղեն ապացույցներ են ճանաչվել 9մմ տրամաչափի, 7421361 ինքնաշեն դրոշմված համարի «SIG SAUER» տեսակի «P266» մոդելի ատրճանակը։ Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին դատարանը բավարարել էր ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով Հայկ Սարգսյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը: