Ձեր հայտարարություններով, սպառնալիքներով վտանգում եք ներդրումային դաշտը. Կարինե Աճեմյանը՝ վարչապետին. Տեսանյութ

Կարինե Աճեմյանի խոսքով՝ Հայաստանում ներդրումների ծավալը նվազել է 43 տոկոսով: «Դուք անում եք այնպիսի հայտարարություններ, որը վտանգում է ներդրումային դաշտը: ՀՀ տնտեսությունը չի կարող շնչել առանց ներդրումների: Արդյո՞ք դուք ձեր հայտարարություններով, սպառնալիքներով չեք վտանգում մեր տնտեսությունը»,- նշեց պատգամավորը՝ հիշեցնելով ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ Փաշինյանի հանդիպումը:
Ի պատասխան՝ վարչապետն ասաց, որ կոռուպցիայի դեմ պայքար է մղվում առաջին հերթին ներդրումային միջավայրը բարելավելու համար. «Հայաստանում կոռուպցիան ջախջախված է, մենաշնորհներ չկան, իսկ անկախ դատական համակարգի ձևավորումը ընթացքի մեջ է: Սրանք են ներդրումների ապահովման կարևոր գործոնները»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով ՌԴ-ում հայ գործարարների հանդիպման ժամանակ
հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանի քննադատությանը վարչապետը նշեց. «Ես Ռուբեն Վարդանյանին
շատ մեծ հարգանքով եմ վերաբերվում, այդ օրվա հանդիպումը շատ լավ մթնոլորտում է անցնել։
Օգտակար եմ համարում նաև կառավարության հասցեին հնչեցրած քննադատությունը»: