Կանադացի որսորդը փոխպատվաստված դեմքով ամենածեր մարդն է (ֆոտո)
![](https://med.news.am/static/news/b/2018/09/19487.jpg)
Որսի ժամանակ դժբախտ պատահարի հետեւանքով դեմքի մեծ մասը կորցրած 64-ամյա տղամարդը վերջին 7 տարիներին տառապել է մշտական ցավից եւ չի կարողացել ինչպես հարկն է ուտել ու քնել: Նա բուժման տարբեր մեթոդներ է փորձել, արդյունքում բժիշկները հանգել են այն եզրակացության, որ նրան կարող է օգնել միայն դեմքի փոխպատվաստումը:
Մինչեւ փոխպատվաստումը Դեջարդանը ստիպված էր տարիներ շարունակ իմպլանտների համատեղելիության անալիզներ հանձնել եւ հոգեբույժի ստուգումներ անցնել՝ պարզելու համար, թե կարող է արդյոք նոր դեմքն ընդունել: Նա երկար տարիներ երազել է թոռնուհու հետ տանից դուրս գալու եւ փողոցում քայլելու մասին, որ ոչ ոք իրեն սեւեռված չնայի:
Դեմքի փոխպատվաստման վիրահատությունը տեւել է մոտ 30 ժամ, որին 100 բժիշկ է մասնակցել: Տղամարդուն փոխպատվաստել են ծնոտը, ատամները, շրթունքները, դիմային մկանները եւ նյարդերը: Հիմա նա կարողանում է ուտել, խոսել, շնչել եւ նույնիսկ հոտ զգալ:
Վիրաբուժական միջամտությունը կատարվել է դեռեւս մեկ տարի առաջ, սակայն բժիշկները միայն հիմա են կարողացել այն հաջողված համարել: Կանադացին հավաստիացնում է, որ վիրահատությունն իրեն նոր կյանք է պարգեւել. հիմա նա ստիպված չէ շնչել պարանոցի վրա բացված անցքով, կարողանում է ուտելիքից հաճույք ստանալ եւ հանգիստ քնել՝ ցավից չտանջվելով: Բացի այդ՝ նա կրկին սկսել է շփվել մարդկանց հետ:
«Որպես պլաստիկ վիրաբույժ՝ գիտեմ, որ դեմքի վնասվածքները, մեծ կամ փոքր, խորհրդանշական նշանակություն ունեն եւ սերտորեն կապված են ինքնաընկալման հետ: Դեմքի այլանդակվելը կարող է կործանարար արդյունք ունենալ ինքնագնահատականի եւ կարողունակության վրա, իսկ իմպլանտն այս հիվանդին հույս եւ նոր հնարավորություններ է պարգեւել»,- հայտարարել է գլխավոր վիրաբույժ Դանիել Բորսուկը:
Դեմքը տրամադրել է Transplant Quebec ընկերությունը մահացած դոնորի ազգականների համաձայնությամբ:
![](https://med.news.am/static/content/2018/september/september13/501F26CA00000578-6163477-image-a-20_1536835875753.jpg)
![](https://med.news.am/static/content/2018/september/september13/502065BA00000578-6163477-image-a-21_1536837481303.jpg)