Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ          Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման       Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են    

21 սեպ 2018 12:14

Ընտրություններն ինչքան էլ կարևոր, բայց բավարար չեն ահռելի պրոբլեմները լուծելու համար.կա սահմանադրական ճգնաժամ, որն ինչ–որ տեղ պայթելու է

Ընտրություններն ինչքան էլ կարևոր, բայց բավարար չեն ահռելի պրոբլեմները լուծելու համար.կա սահմանադրական ճգնաժամ, որն ինչ–որ տեղ պայթելու էԻշխանափոխությունից հետո Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը պատկերացվում է բացառապես արտահերթ խորհրդարանական ընտրություններով: Այս պատկերացումը ընկած էր թե՛ հեղափոխության առանցք կազմող ուժի և նրա համակիրների քաղաքական տեսլականի հիմքում, թե՛ քաղաքական մյուս դերակատարների առնվազն հրապարակավ հնչող հայտարարությունների: Ակնհայտ է, որ երկրում փոխված իրավիճակը, ուժերի փոփոխված համամասնությունը կարիք ունի արձանագրվելու նաև դե յուրե, և դա անելու միակ տարբերակը նոր ընտրություններն են: Ընտրությունները, ըստ էության, միակ ճանապարհն են դուրս գալու սահմանադրական այն ճգնաժամից, որը երկիրը դնում է երկիշխանության վտանգի առաջ, երբ գործադիրը ղեկավարում է մի քաղաքական ուժ, օրենսդիրը՝ լրիվ այլ: Արտահերթ ընտրությունների թեման, սակայն, հեղափոխության հաջորդած սկզբնական ժամանակաշրջանում ակտիվորեն շոշափվելուց հետո միառժամանակ հայտնվել էր ստվերում: Այսօր՝ Երևանի ավագանու ընտրություններից առաջ այդ թեման կրկին ակտիվացավ և պաշտոնապես արձանագրվեց Փաշինյանի հանրահավաքային ելույթում: Փաշինյանը ՀՀԿ–ին ի պատասխան հայտարարեց, որ նրանք չեն որոշում արտահերթ ընտրություններ կլինեն, թե ոչ: Առիթը ՀՀԿ–ի վերջին շրջանի տարբեր հայտարարություններն էին առ այն, որ Նիկոլ Փաշինյանի ցանկությամբ չէ, որ պետք է ցրվի ԱԺ–ն ու լինեն արտահերթ ընտրություններ: Այս հեռակա բանավեճը արտահերթ ընտրությունների մասով, զուգահեռ նաև այլ բնույթի տարընթերցումները գործադիրի և օրենսդիրի միջև գալիս են երիցս փաստելու, որ երկրում կա սահմանադրական ճգնաժամ, որը հավերժ ձգվել չի կարող և ինչ–որ տեղ պայթելու է:
Փաշինյանն ու նրա կառավարությունը, սակայն, արտահերթ ընտրությունները ֆորմալ հայտարարելով առաջնահերթություն,նախորդ ամիսներին առավելապես զբաղված էին, այսպես ասած, ադապտացիայով՝ հարմարվելով կառավարման գործառույթներին: Երկրի ընթացիկ խնդիրները մի կողմից, նախկին իշխանության որոշակի շերտերը մյուս կողմից, արտաքին քաղաքական մարտահրավերները մեկ այլ կողմից, և որ ամենակարևորն է, հասարակական բարձր սպասելիքների նշաձողը լրիվ ուրիշ կողմից կառավարությանը թաթախեցին ընթացիկ պրոբլեմների մեջ, որոնց լուծմանը լծվելով՝ արտահերթ ընտրությունների օրակարգը հայտնվեց երկրորդ պլանում: Հիմա, ավագանու ընտրությունների նախաշեմին, ավելի հաճախ են սկսել հնչել պնդումներ այն մասին, որ միայն ընտրություններով է հնարավոր դուրս գալ այս ձանձրալի ընթացիկության ռիթմից ու սկսել զբաղվել կարևոր, կենսական գործերով: Ներքաղաքական մարտահրավերները, ի դեմս Քոչարյանի ակտիվացման, նրա անվան հետ կապվող գաղտնալսված ձայնագրության և տարածման, նոր իշխանություններին կրկին վերադարձրել են արտահերթ ընտրությունների առաջնայնության թեմային: Ինչպես նշեցինք, արտահերթ ընտրություններն իսկապես կենսական են քաղաքական ուժերի նոր համամասնությունը պաշտոնապես արձանագրելու, երկրի կառավարման երկու հիմնական օղակների միջև ներդաշնակություն ստեղծելու համար: Բայց արտահերթ ընտրությունները ի վիճակի չեն լուծել բոլոր խնդիրները միանգամից, ի վիճակի չեն իշխանությանը հաղորդել նոր ռիթմ ու նոր օրակարգ, եթե դրանք չկան ի սկզբանե: Հայաստանի քաղաքական դաշտը հեռու է դասական, ինստիտուցիոնալ դաշտ լինելուց, որպեսզի բացառապես ընտրության բաղադրիչը կարողանա հանգուցալուծել քաղաքական ճգնաժամը: Նիկոլ Փաշինյանն ու իր առաջնորդած հեղափոխությունը վառ օրինակն են ասվածի: Պատահական չէ, որ Սերժ Սարգսյանը զարմանում էր, թե ինչպես կարող է 9 պատգամավոր ունեցող խմբակցության ղեկավարը նրան հրաժարականի կոչ անել: Իսկ իրականությունն այն է, որ ընտրությունները, դրանցով արձանագրված արդյունքները հաճախ համահունչ չեն իրական կյանքի ու քաղաքական ուժերի հարաբերակցությանը: Այս իմաստով, պնդումը, թե ընտրություններից հետո ամեն ինչ լավ է լինելու, սխալ է, և այդ սխալն ապացուցել է հենց Փաշինյանը՝ իր հեղափոխությամբ: Բացի այդ, ենթադրենք եղան ընտրությունները և, ինչպես ակնկալվում է, Փաշինյանը հաղթեց, ձևավորեց մեծամասնություն ԱԺ– ում և կազմեց նոր կառավարության կազմ: Համամասնությունը փոխվեց, ավելի հեշտացավ ԱԺ հետ աշխատանքը և այլն: Արդյո՞ք այս ամենը բավարար է լինելու հասարակական բարձր սպասելիքները բավարարելու համար: Ի վերջո, հեղափոխության հիմնական շահառուն հասարակությունն է, և հասարակությունը սպասում է կոնկրետ ու տեսանելի ռեֆորմների: Եթե անցումային փուլում հնարավոր է առաջնորդվել այն մտայնությամբ, որ նոր իշխանությանը ժամանակ է անհրաժեշտ ադապտացվելու համար, ապա ընտրություններից հետո այդ ժամանակը հասարակությունը չի տալու և սպասելու է կոնկրետ փոփոխությունների: Ինչ–որ ընթացք գուցե հնարավոր լինի մարդկանց բացատրել, որ կան խոչընդոտներ, կան դավադիր ուժեր ու հակահեղափոխականներ: Բայց թե՛ հիմա, թե՛ ընտրություններից հետո այդ մարտահրավերները լինելու են ու միշտ լինելու է հնարավորություն կոնկրետ փոփոխությունների հետաձգումը արդարացնել այդ մարտահրավերներով: Հետևաբար, ընտրություններն ինչքան էլ կարևոր, բայց բավարար չեն ճգնաժամը հանգուցալուծելու ու ահռելի պրոբլեմները լուծելու համար: Անկախ ընտրության լինել–չլինելուց, իշխանության հաջողության երաշխիքը հստակ քաղաքական օրակարգն է, այդ օրակարգի ակտիվ իրացումը և հասարակական սպասելիքների բարձրացումը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում   


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր