«Պատրաստ ենք հավասար պայմաններ ստեղծել». Ադրբեջանի ԱԳՆ. Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում «անհեթեթ» են անվանել
Ադրբեջանի ԱԳՆ-ն այսօր հայտարարություն է տարածել, որում «պատրաստակամություն է հայտնում հավասար պայմաններ ստեղծել Արցախում հայ և ադրբեջանական համայնքների համար»:
«Հայաստանին կոչ ենք անում առավել կառուցողական դիրքորոշում զբաղեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով բանակցություններում»,- ասվում է հայտարարության մեջ:
Բաքվում մեկնաբանել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում՝ այն «անհեթեթ» անվանելով:
«Ադրբեջանը պետք է փոխի իր անհարգալից վերաբերմունքը բանակցությունների հանդեպ, պետք է հրաժարվի հակամարտության ռազմական կարգավորման ցանկացած գաղափարից և իրականացնի նախկինում ձեռքբերված բոլոր պայմանավորվածությունները: Բացի այդ, եթե Ադրբեջանն իսկապես կողմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը, ապա պետք է սկսի բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հետ: Ադրբեջանը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում, սակայն հրաժարվում է բանակցություններ վարել վերջինի հետ: Ինչպե՞ս է դա հնարավոր: Այդպիսով, ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի իշխանության նպատակը Լեռնային Ղարաբաղը հայերից «մաքրելն» է»,- իր ելույթում ասել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: