Ապրիլի 18-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ադրբեջանի և ՌԴ-ի բարձրագույն ղեկավարությունը որոշում են կայացրել ԼՂ-ից խաղաղապահների վաղաժամ դուրսբերման մասին    

29 սեպ 2018 11:20

Տեսանյութ. Ալիևն ու Փաշինյանը պայմանավորվել են սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ

Տեսանյութ. Ալիևն ու Փաշինյանը պայմանավորվել են սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ
Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ոչ ֆորմալ շփում են ունեցել, որի ընթացքում ձեռք են բերել պայմանավորվածություններ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Այս մասին  սեպտեմբերի 28–ին, Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեից վերադառնալուց հետո ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ֆեսյբուքյան ուղիղ եթերում։
Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը նույնպես  հաղորդագրություն է տարածել, որում, ըստ էության, երկրորդել է Հայաստանի վարչապետի հայտարարությունը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Դուշամբեում կայացած զրույցի վերաբերյալ։
Վարչապետի խոսքով՝ իրենց առաջին, ոչ ֆորմալ շփման ընթացքում առարկայական խոսակցություն է եղել, որի արդյունքում երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են իրենց պաշտպանության նախարարներին հանձնարարական տալ՝ կոնկրետ քայլեր ձեռնարկել սահմանագծում լարումն իջեցնելու, սահմանային միջադեպերը կանխելու վերաբերյալ։
«Ես այս պայմանավորվածության մասին անմիջապես տեղյակ եմ պահել Արցախի նախագահ Բակո Սահակյանին, և այս պայմանավորվածությունը նրա համար նույնպես ընդունելի է եղել։ Ըստ էության, կարող ենք ասել, որ Ղարաբաղ–Ադրբեջան շփման գծի ողջ երկայնքով միջոցներ ձեռնարկվեն հրադադարի խախտման դեպքերը կանխելու ուղղությամբ»,– ասել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ նախորդ օրը երեկոյան արդեն համապատասխան հրաման է տվել մեր զինված ուժերին։
«Ուրախ եմ արձանագրել, որ վերջին գիշերը եղել է իմ վարչապետ ընտրվելուց հետո ամենախաղաղ գիշերը, և հուսով եմ, որ այն տրամանաբանությունը, որ վերջին շրջանում գործում էր, և ցավոք զոհեր էինք ունենում, կորուստներ հայկական և ադրբեջանական կողմից, կդադարի»,– ասել է Փաշինյանը։
Երկու երկրների ղեկավարները նաև պայմանավորվել են ստեղծել օպերատիվ կապի կոմունիկացիա։
«Առայժմ սա համաձայնություն է, իսկ թե ինչպիսին կլինի այդ կապը, տեխնիկական առումով պայմանավորվածություն չկա, պարզապես համաձայնել ենք հանձնարարել մեր համապատասխան գերատեսչություններին, որ մշակեն այդպիսի համակարգ, որ հնարավոր լինի կողմերի միջև օպերատիվ կապ հաստատել։ Որովհետև ամեն անգամ այդ բանավեճը լինում է՝ ով սկսեց, ով խախտեց, ով առաջինը կրակեց, և մենք խնդիր ունենք այս կապն ունենալ, որպեսզի եթե մենք իսկապես ուզում ենք, հրադադարի ռեժիմը լիարժեք  պահպանվի, որովհետև կիսահրադադարի ռեժիմն այդքան էլ հասկանալի չէ, պիտի անպայման այդպիսի օպերատիվ կապի կոմունիկացիա ունենանք»,– ասել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ իրենց շփումը եղել է երեկ երեկոյան և այսօր. «Որոշակի քննարկում ենք ունեցել, ճշգրտել, որ իրար ճիշտ ենք հասկացել»։
Ըստ Փաշինյանի՝ հաջորդ կետով իրենք արձանագրել են բանակցային պրոցեսի և մեթոդի նկատմամբ իրենց հավատարմությունը։
«Ըստ էության արձանագրվել է, որ բանակցություններով պետք է կարգավորվի Արցախի հարցը»,– ասել է Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ պայմանավորվածությունները կպահպանվեն, Հայաստանն իր կողմից ամեն ինչ կանի դրա համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր