Երեխային սպանել են լացելու պատճառո՞վ. երեխայի հայրը չի ընդունում կասկածանքը, նա փոքրիկի խորթ հայրն էր
![Երեխային սպանել են լացելու պատճառո՞վ. երեխայի հայրը չի ընդունում կասկածանքը, նա փոքրիկի խորթ հայրն էր Երեխային սպանել են լացելու պատճառո՞վ. երեխայի հայրը չի ընդունում կասկածանքը, նա փոքրիկի խորթ հայրն էր](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-10/medium/1538466283_145354.jpg)
Նախնական տվյալներով՝ մանկահասակ երեխայի նկատմամբ բռնություն է գործադրել հայրը. վերջինս 2018թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 21-ի սահմաններում, հանդամասում գտնվող իրենց բնակության վայրում, ծեծել է մանկահասակ որդուն՝ ծնված 18.12.2017թ., որի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներից փոքրիկը տեղում մահացել է: Բացի այդ, ըստ տուժողի մոր հայտարարության, նույն օրը ընտանիքի հայրը բռնություն է գործադրել նաեւ կնոջ նկատմամբ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կատարվել են մի շարք անհետաձգելի քննչական եւ դատավարական այլ գործողություններ, հարցաքննվել տարբեր անձինք։ Մանկահասակ երեխայի մոր մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ պարզվել է, որ փոքրիկի դին նախ փորձել են թաքցնել փոսի մեջ՝ սպանությունը քողարկելու համար, բայց երեխայի մայրը, վերցնելով նրան, դիմել է փախուստի եւ տեղափոխել բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներն արձանագրել են մահը։
Երեխայի հայրը՝ Ռուստամ Մանուկյանը, ձերբակալվել է. ըստ պաշտոնական տեղեկության՝ նա ալկոհոլի ազդեցության տակ է եղել. նրա մոտ հայտնաբերվել է բարձր խմածություն: Ըստ նախնական տեղեկությունների՝ Ռուստամ Մանուկյանը նախ ծեծի է ենթարկել երեխային. նա բռունցքով մի քանի հարվածներ է հասցրել մեկամյա երեխայի մարմնի տարբեր մասերին՝ դեմքի, մեջքի եւ գլխի շրջանում: Իսկ երբ Ռուստամ Մանուկյանի կինը՝ 30-ամյա Օվսաննա Գրիգորյանը, փորձել է պաշտպանել երեխային, ամուսինը սկսել է հարվածներ հասցնել նաեւ հղի կնոջը՝ սկզբում հարվածելով գլխին, ապա ապտակել նրան:
Տեղեկացանք, որ Ռուստամ Մանուկյանը սպանված փոքրիկի խորթ հայրն է: Թե ինչ վնասվածքներ են հայտնաբերվել երեխայի մոր մոտ կպարզվի դատաբժշկական փորձաքննությամբ: Առայժմ պարզ չէ, թե որն է եղել երեխային սպանելու դրդապատճառը: Պաշտպանական կողմը պնդում է, թե երեխային ծեծի է ենթարկել մայրը, իսկ իրավապահները հակառակի մասին են պնդում:
Ռուստամ Մանուկյանին այսօր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդված 1-ին մասի (դիտավորյալ սպանություն) եւ ՀՀ ՔՕ 118 հոդվածի (ծեծ) հատկանիշներով: Նախաքննական մարմինը որոշել է նրան կալանավորելու միջնորդություն ներկայացնել դատարան:
Ռուստամ Մանուկյանը հարցաքննվել է կասկածյալի կարգավիճակով: Նրա հանրային պաշտպան Համլետ Ստեփանյանը պատասխանել է մեր մի քանի հարցերին: Նրա հետ զրուցել էինք մինչ Մանուկյանին մեղադրանք առաջադրելը:
- Պարոն Ստեփանյան, ձեր պաշտպանյալը ընդունո՞ւմ է իրեն առաջադրված կասկածանքը:
- Կասկածյալը մեղքը չի ընդունում, ինքը չի կատարել արարքը:
- Այսինքն՝ ինքը չի՞ երեխային ծեծի ենթարկել:
- Այո, էնտեղ մայր կա, եւ այլն:
- Պարոն Ստեփանյան, այսինքն՝ մայրն է երեխային ծեծի ենթարկե՞լ:
- Դա իր դիրքորոշումն է (նկատի ունի Ռուստամ Մանուկյանի,-հեղ.) որպես կասկածյալ հարցաքննվել է, ցուցմունքում այդպիսի բան է հայտնել նախաքննական մարմնին: Նշել է, որ մայրն է երեխային ծեծի ենթարկել:
- Պարոն Ստեփանյան, քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ փոքրիկի դին նախ փորձել են թաքցնել փոսի մեջ՝ սպանությունը քողարկելու համար: Էս դրվագի մասին ի՞նչ է հայտնել ձեր պաշտպանյալը:
- Ոչ թե փորձել են թաքցնել, այլ երբ տեսել են երկուստեք, որ այդպիսի բան կա, փորձել են հուղարկավորության ենթարկել, հետո դա մինչեւ վերջ չի իրականացվել: Հիմա դրանք մանրուքներ են, ես չեմ ուզում խորանալ, որովհետեւ կարող է որոշ բաներ փոխվեն, դրա համար ես կխնդրեի հիմա այդ հարցերով չխորանայինք, չեմ կարող միանշանակ բաներ ասել, ես չգիտեմ՝ ոնց են զարգանալու դեպքերը, չեմ կարող միանշանակ բաներ ասել: Հիմա ինչ-որ բաներ ասելը չի բխում իմ պաշտպանյալի շահերից: Թողենք նախաքննությունը ընթանա, տեսնենք՝ ինչով է ավարտվում:
- Ի վերջո, ո՞րն է եղել երեխային սպանելու դրդապատճառը:
- Խիստ արտահայտված որեւէ վարկած չկա, երեխան լաց է եղել, պարզապես փորձել են հանգստացնել, դա է եղել պատճառը, ուրիշ պատճառ չկա:
- Բայց կինն էլ իրավապահներին հայտնել է, որ ամուսինն իրեն էլ է ծեծի ենթարկել:
- Ես իրավունք չունեմ ծանոթանալ իր ցուցմունքներին: Հիմա եկեք պայմանավորվենք, որ ես չեմ կարող այդպիսի տեղեկություններ տարածել:
- Իրավապահները նշում են, որ ձեր պաշտպանյալը ալկոհոլի ազդեցության տակ է եղել:
- Ոչ, ալկոհոլի ազդեցության տակ չի եղել...: Ես նոր եմ մտել գործի մեջ, ամբողջ ծավալով մասնակցություն դեռ չունեմ:
- Ձեր պաշտպանյալը աշխատո՞ւմ էր մինչ դեպքը:
- Անասնապահությամբ էր զբաղվում:
ՀՀ քննչական կոմիտեի նախահագի խորհրդական Սոնա Տռուզյանից փորձեցինք ճշտել, թե արդյո՞ք մոր կողմից երեխային ծեծի ենթարկելու վարկած կա, թե՞ ոչ: Ի պատասխան Տռուզյանը նշեց, որ այս պահին նախնական քննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համադրությամբ փոքրիկի մահը վրա է հասել նրա նկատմամբ կիրառված բռնության հետեւանքով. հարվածները հասցվել են հոր կողմից:
Նշենք, որ Ռուստամ Մանուկյանը հաշվառված է Գյումրի քաղաքում, իսկ կինը՝ Օվսաննա Գրիգորյանը, Վանաձորում: Նրանք, սակայն բնակվելիս են եղել Արմավիր քաղաքում:
Մեր տեղեկություններով, Ռուստամ Մանուկյանը նախկինում դատապարտված է եղել, մեզ սակայն չհաջողվեց պարզել, թե ինչ հանցանքի համար է նա դատապարտվել: