Հայաստան են վերադարձել բողոքական տրամադրությունները. Փաշինյանն աշխատանքից ազատել է նախարարների. միջազգային լրատվամիջոցներ
![Հայաստան են վերադարձել բողոքական տրամադրությունները. Փաշինյանն աշխատանքից ազատել է նախարարների. միջազգային լրատվամիջոցներ Հայաստան են վերադարձել բողոքական տրամադրությունները. Փաշինյանն աշխատանքից ազատել է նախարարների. միջազգային լրատվամիջոցներ](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-10/medium/1538555735_mijazin-lratvamijocnery-hayast-n134506-1.jpg)
«Երևանի փողոցները երեկ երեկոյան կրկին բազմամարդ էին, ինչպես և գարնանային թավշյա հեղափոխության ժամանակ: Հավաքը կրկին գլխավորում էր Նիկոլ Փաշինյանը: Այս անգամ պատճառը խորհրդարանում օրենսդրական փոփոխություններն էին, որոնք դժվարեցնում են արտահերթ ընտրությունները»,- գրում է Коммерсант-ը:
Պարբերականը նշում է, որ ամբոխի առջև Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է այդ փոփոխություններին կողմ քվեարկած կուսակցությունների նախարարներին և մարզպետերին:
«Պարոն Փաշինյանը հույս է հայտնել, որ պատգամավորները չեն կարողանա մեկ այլ վարչապետի ընտրել»,- հավելում է պարբերականը:
Новая газета-ի հաղորդմամբ՝ նույն օրն ուշ երեկոյան Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀԿ, ԲՀԿ և ՀՅԴ խմբակցությունների հետ, ովքեր կողմ էին քվեարկել խորհրդարանի լուծարմանը խոչընդոտող նախագծին:
РИА Новости-ն, իր հերթին, մեջբերում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքը.
«Համաձայնություն չի եղել: Միայն պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ շարունակել քննարկումները»:
«Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջով ավելի վաղ հանդես էր գալիս հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, և այժմ նա իր աջակիցներին կրկին կոչ արեց փողոց դուրս գալ: Նրա խոսքով՝ ժողովուրդը թույլ չի տա, որպեսզի նոր վարչապետ ընտրվի»,- գրում է Фонтанка-ն:
«Այդ փոփոխությունով պատգամավորները չեն կարողանա ապահովել իրենց մանդատը: Նրանք պետք է հեռանան: Այսպես նրանք միայն հարցականի տակ են դնում երկրի քաղաքական ասպարեզում մնալու իրենց հնարավորությունը»,- ցուցարարներից մեկն ասել է Eurasia Daily պարբերականի թղթակցին:
«Խորհրդարանական խմբակցությունները լսեցին ժողովրդի մեսիջը»,- ասվում է ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին պատմող BBC-ի հոդվածում:
ՀՀ ԱԺ շենքն արգելափակելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին գրում են նաև Deutsche Welle, Regnum, Rbc, Reuters, The New York Times, US News, Channelnewsasia, Southafricatoday, Agence France-Presse, Euronews և մի շարք այլ հեղինակավոր լրատվամիջոցներ: