«168 ժամ». Մոսկվային տրված խոստումը պահե՞լ, թե՞ ոտնահարել Հայաստանի օրենքները՝ հանուն իր քաղաքական շահերի
«168 ժամ» թերթը գրում է. «Ներքաղաքական թեժ օրակարգը երկրորդ պլան է մղել այլ, առավել գլոբալ մի շարք խնդիրներ: Չորեքշաբթի օրը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հասարակության ուշադրությունից վրիպեց հանրապետական պատգամավոր Արմեն Աշոտյանի հարցը վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Սիրիա հայկական զինուժ ուղարկելու հետ կապված: Աներկբա է, որ այդ որոշումը Հայաստանի եւ սփյուռքի համար բազմաթիվ վտանգներ է պարունակում՝ սկսած Արեւմուտքի հետ հարաբերությունների վատթարացումից, վերջացրած՝ իսլամիստական ահաբեկիչների կողմից հնարավոր թիրախավորումով:
Այդ կարճ, բայց բովանդակային ու խորիմաստ երկխոսությունը առավել քան ուշագրավ է: Իհարկե, ոչ Աշոտյանը, ոչ Փաշինյանը միամիտ չէին, որ բաց կոնտեքստով քննարկեին այդ շատ զգայուն եւ վտանգավոր հարցը: Պատահական չէր նաեւ այդ ժամանակահատվածում Աշոտյանի կողմից այս հարցի հրապարակային բարձրաձայնումը:
Խնդիրը պետք է դիտարկել Աշոտյանի այն գնահատականի շրջանակներում, որ Նիկոլ Փաշինյանի շտապողականությունն արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հարցում ունի նաեւ գեոպոլիտիկ ենթատեքստ:
Փաշինյանը խմբագրեց իր պատասխանի մեջ Աշոտյանի կողմից օգտագործված «հայկական զորախումբ» ձեւակերպումը՝ դիվանագիտորեն անվանելով այն առաքելություն: Վարչապետը ակնհայտորեն խուսափեց նաեւ հստակություն մտցնելուց Սիրիա հայկական ուժեր ուղարկելու գոծընթացի իրավական կարգավորումների հետ կապված:
Ակնհայտ է, որ Կառավարությունը փնտրում է իրավական այնպիսի լուծում, որը չպահանջի միջպետական համաձայնագիր կնքելու պայման, որովհետեւ այն հետո պետք է մուտք գործի ԱԺ օրակարգ վավերացման համար՝ առիթ դառնալով բուռն հանրային քննարկումների եւ քննադատության:
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի մասին օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հայաստանի տարածքից դուրս խաղաղապահ կամ ռազմական գործողություններին մեր զինված ուժերը կարող են մասնակցել միայն միջազգային պայմանագրով:
Մի կողմից, հասկանալի է՝ Փաշինյանը շահագրգիռ է իշխանությունը ամրապնդելու համար Մոսկվային իր տված խոստումը օր առաջ կյանքի կոչելու մեջ, մյուս կողմից, սակայն, անհասկանալի է՝ արդյո՞ք նա պատրաստ է ոտնահարել Հայաստանի օրենքները՝ հանուն իր քաղաքական շահերի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում