Դատախազը պահանջեց Չարբախցի Գեղամին դատապարտել 14 տարվա ազատազրկման, Նորատուսցի Ալիկին՝ 8 տարվա

Դատախազ Գեւորգ Գեւորգյանը միջնորդեց մեղավոր ճանաչել գործով ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանին՝ Նորատուսցի Ալիկին եւ նրան դատապարտել 8 տարվա ազատազրկման, Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանին՝ 14 տարվա, իսկ Բդո մականվամբ հայտնի Արմեն Գասպարյանին 1,5 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ 2016 թ. նոյեմբերի 13-ին Չարբախում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ են հնչել, որի հետեւանքով 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ հրազենային վիրավորում ստացած 35-ամյա Արամ Պետրոսյանն ու 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ եւ Մուշեղ Մուշեղյանը մահացել է:
Այս գործով ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանը մեղադրվում է 2016թ. նոյեմբերի 13-ին նախնական համաձայնությամբ խմբի կազմում Մուշեղ Մուշեղյանին սպանելու մեջ։ Ալիկ Բանդուրյանը մեղադրվում է Մուշեղ Մուշեղյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելուն օժանդակելու մեջ։
Արմեն Գասպարյանն էլ մեղադրվում է նախապատրաստվող ծանր հանցագործության` Մուշեղ Մուշեղյանի սպանության մասին տեղեկանալու եւ իրավասու մարմիններին դիտավորությամբ չհայտնելու մեջ։