Մի´ զանգեք մեզ, տարբեր կողմերի պարոնա´յք, պարզապես մի´ զանգեք.ՀՀԿ խմբակցության չորս պատգամավոր հայտարարությունը

Քաղաքական ուժերի միջև բանակցությունների փոխարեն յուրաքանչյուր պատգամավորի «հետևից գնալը» նույնն է, ինչ զենքը դնես պատգամավորի ճակատին ու ստիպես կամքդ կատարել:
Սա ո´չ իրավական է, ո´չ էլ, առավել ևս, բարոյական: Արդյո՞ք ճակատագրի բերումով նման իրադարձությունների զարգացման կիզակետում հայտնված պատգամավորն ինքն իրեն կհարգի, արդյո՞ք դրանից հետո նրան ինչ – որ մեկը կհարգի: Ողբերգությունը նրանում է, որ այս բևեռացման, անզիջողականության և բանակցելու ցանկության բացակայության, վերջնագրերով խոսելու հետևանքը հասարակական ու մարդկային հարաբերությունների ճգնաժամ է հասունացնում` արժանապատվության պահպանման զգացողությունից բխող չափազանց վտանգավոր հետևանքներով:
Արդար հանգուցալուծում է պետք գտնել, մեկը մյուսին չտրորելու, մեկը մյուսի արժանապատվության հաշվին չինքնահաստատվելու այլ ճանապարհներ է պետք գտնել: Մի´ զանգեք մեզ, տարբեր կողմերի պարոնա´յք, պարզապես մի´ զանգեք։ Այս էժան խաղում մենք չկանք։ Եթե դուք ի վիճակի չեք քաղաքակիրթ լուծումներ գտնել, ապա մենք ձեզ համար գործիք չենք։ Մենք մտահոգ ու հիասթափված հետևում ենք՝ ինչ եք դուք անում։ Մենք լուռ կսպասենք: Բայցև, հաստատ ամեն ինչ կանենք իրական նոր Հայաստանի համար»։
Աժ պատգամավորներ․
Միհրան Հակոբյան
Կարեն Բեքարյան
Արման Սաղաթելյան
Սամվել Ֆարմանյան