Զերծ մնացեք երեխաներին քաղաքական քարոզարշավին ներքաշելուց.կոչ՝ իշխանություններին

Հասարակական կազմակերպության անդամները տեղեկությունը ստուգելու նպատակով զանգահարել են Հրազդանի թիվ 5 միջնակարգ դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանին և, ներկայանալով Սասուն Միքայելյանի անունից, տնօրենից ճշտել, թե «որքան մարդ է պատրաստ բերել հոկտեմբերի 19-ին, ժամը 15։00-ին մեկնարկող հանրահավաքին», ինչին տնօրենը պատասխանել է, որ «իր հետ կբերի մոտ 100 մարդ, այդ թվում դպրոցի անձնակազմին», նաև առաջարկել է ներգրավել 9-րդ դասարանցիներին։ Նույն օրը սոցիալական ցանցերով տարածվել է տեսանյութ, որտեղ դպրոցական երեխաները խմբով արտասանել են «ես անում եմ իմ քայլը..․» երգի բառերը:
Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը կոչ է անում կրթական հաստատությունների տնօրեններին, դաստիարակներին և ուսուցիչներին զերծ մնալ քաղաքական գործընթացներում երեխաներին ներքաշելու փորձերից, հրաժարվել դպրոցի ռեսուրսի հաշվին օժանդակելու որևէ քաղաքական կուսակցության, այդ թվում նաև իշխող։
Կոչ ենք անում նաև բոլոր կուսակցությունների, և հատկապես իշխող կուսակցության ներկայացուցիչներին զերծ մնալ վարչական միջոցների՝ քաղաքական կամ անձնական նպատակներով օգտագործելու փորձերից և հատկապես երեխաներին քաղաքական քարոզարշավին ներքաշելուց:
Քաղաքական քարոզը դպրոցում անընդունելի է, քանի որ այն կարող է խաթարել ուսումնական գործընթացը և հավասարվել երեխաների որպես անհատ սեփական դիրքորոշումն ինքնուրույն ձևավորելու գործընթացի ժամանակ ճնշում գործադրելուն։
Կրթական քաղաքացիական նախաձեռնություն