Թանդիլյանն ամեն ինչ կանի, որ Գյումրիում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերված երեխաները ապրեն մոր հետ

Մանե Թանդիլյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ մայրը հրաժարվել է երեխաներից, բայց դեռ քննարկման հնարավորություն կա:
«Յուրաքանչյուր քայլ բխելու է ծնողի և երեխայի շահերից։ Ես դեռ չեմ հանդիպել երեխաների մորը, բայց ամեն ինչ կանեմ, որ նրանք մեծանան մոր հետ։ Ես այդպիսի նպատակ ունեմ, վստահ չեմ, որ հնարավոր կլինի, կտեսնենք՝ ինչպիսի հնարավորություններ կան։ Սոցիալական խնդիրների պատճառով երեխաներին մանկատուն հանձնելու պրակտիկան պետք է վերանա»,- ասաց նա:
Նախարարի պաշտոնակատարն նկատում է, որ այստեղ պետության կառավարման մեխանիզմների բաց կա: Ըստ նրա՝ սոցիալապես անապահով իրավիճակը շատ հաճախ հասցնում է այդպիսի քայլերի:
«Մենք ձեզ հետ միասին՝ որպես հասարակություն, պետք է կարողանանք ճիշտ որոշում կայացնել, ճիշտ դիրքավորվել և իմանալ, որ մեր երկրում ծնվել են երկու առողջ, հրաշալի տղաներ: Մենք միասին պետք է օգնենք, որպեսզի տղաները մեծանան իրենց ծնողի հետ և պետք է պաշտպանենք ու աջակցեք ընտանիքին: Չպետք է լինի իրավիճակ, որ սոցիալական պայմաններից ելնելով՝ մեր քաղաքացիները, ծնողները նման որոշումներ ընդունեն։ Կառավարության որդեգրած ճանապարհը հենց դա է, որ քաղաքացու սոցիալական իրավիճակը և կացությունն այնպիսի լինի, որ դա որևէ դեպքում չհանդիսանա պատճառ հրաժարվելու երեխաներից»,- նշեց Մանե Թանդիլյանը: