Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 18-ի համար       Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»    

30 հոկ 2018 11:10

Վլադիմիր Գասպարյանի եղբայրն ու եղբորորդին մեղադրվում են խոշոր չափով շորթում կատարելու համար․ գործը հասել է ՀՔԾ

Վլադիմիր Գասպարյանի եղբայրն ու եղբորորդին մեղադրվում են խոշոր չափով շորթում կատարելու համար․ գործը հասել է ՀՔԾՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբոր և եղբորորդու վերաբերյալ քրեական գործը հասել է Հատուկ քննչական ծառայություն, նրանք մեղադրվում են առանձնապես խոշոր չափի շորթում կատարելու համար։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի տարածած մամուլի հաղորդագրությունից, ՔԿ-ն տվյալներ է ձեռք բերել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և ՀՀ Ոստիկանության աշխատակիցների կողմից առերևույթ առանձնապես խոշոր չափի շորթում կատարելու վերաբերյալ։
Factor.am-ի տեղեկություններով՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության բարձրաստիճան պաշտոնյան նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբայրն է՝ Կարեն Գասպարյանը, որը նախարարությունում զբաղեցնում է վարչության պետի պաշտոնը, իսկ  ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության օպերլիազորը Վլադիմիր Գասպարյանի եղբոր որդին է՝ Սերգեյ Գասպարյանը, որի լիազորություններն ամիսներ առաջ ժամանակավորապես կասեցվել էին Վալերի Օսիպյանի հրամանով։
Ըստ աղբյուրի՝ քրեական գործը հարուցվել է մամուլի այն հրապարակումների հիման վրա, ըստ որոնց, Կարեն և Սերգեյ Գասպարյանները գազալցակայաններ են խլել քաղաքացիներից։ 
Հավելենք, որ  ըստ ՔԿ-ի տարածած հաղորդագրության՝ 02.10.2018 թվականին ՀՀ Կոտայքի մարզի դատախազությունից նյութեր նախապատրաստելու ցուցումով ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժին է ուղարկվել` «ՌՎԳԱԶ-1» ՍՊ ընկերության փաստացի սեփականատեր հանդիսացող Ռուսաստանի Դաշնության քաղաքացու և վերջինիս ներկայացուցչի՝ ՀՀ վարչապետին  հասցեագրված դիմումն այն մասին, որ 2014 թվականին  բռնություն գործադրելու սպառնալիքով ստիպել են հրաժարվել ընկերության  ավտոգազալցակայանից: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «ՌՎԳԱԶ-1» ՍՊ ընկերության փաստացի սեփականատերը ցանկացել է նշված ավտոգազալցակայանը 330.000 ԱՄՆ դոլարով վաճառել Արմավիրի մարզի Տանձուտ համայնքի բնակչին` գումարը մաս-մաս վճարելու պայմանով, ով նախնական 70.000 ԱՄՆ դոլար վճարելով՝ չի կատարել իր մյուս պարտավորությունները: Համաձայն կնքված պարտավորագրի՝ «ՌՎԳազ-1» ՍՊ ընկերության գազալցակայանի անշարժ ու շարժական գույքը պետք է ներդրվեր գնորդի կողմից ստեղծված «ՍԼԼ գազ» ՍՊ ընկերության կանոնադրական կապիտալի մեջ, միևնույն ժամանակ ընկերության  50%-ի բաժնետերը շարունակելու էր մնալ  «ՌՎԳազ-1» ՍՊ ընկերության սեփականատիրոջ անվամբ՝ մինչ վերը նշված պարտավորությունների կատարումը: Սակայն պարզվել է, որ «ՌՎԳազ-1» ՍՊԸ ավտոգազալցակայանն իր անշարժ ու շարժական գույքով 100%-ով ներառվել է «ՍԼԼ գազ» ՍՊԸ-ի սեփականության մեջ, որի արդյունքում բաժնետերը զրկվել է 50% մասնաբաժնից: Այդ ընթացքում ավտոգազալցակայանի փաստացի սեփականատերը, այն գնել ցանկացող Տանձուտ համայնքի բնակչից տեղեկանալով վերոհիշյալի մասին, ժամանել է ՀՀ, հանդիպել է հիշյալ նախարարության վարչության պետին, ով հայտարարել է, որ գազալցակայանը փաստացի խլել է գնորդից և պահանջել է այսուհետ գործ ունենալ միայն իր հետ։ Մի քանի օր անց, նույն պաշտոնատար անձն ու ոստիկանության օպերլիազորը Երևան քաղաքի էրեբունի վարչական շրջանում գտնվող Ազատամարտիկների այգում սպառնալով պահանջել են 30.000 ԱՄՆ դոլարի դիմաց հրաժարվել գազալցակայանից, իսկ հաջորդ օրը կարողացել են ի կատար ածել իրենց սպառնալիք-պահանջը` քաղաքացուն փոխանցելով 40.000 ԱՄՆ դոլար: Դեպքի առթիվ 15.10.2018թ. ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը տարածքային ենթակայության կարգով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին` նախաքննություն կատարելու համար: ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարված նախաքննության արդյունքներով տվյալներ են ստացվել այն մասին, որ վերոհիշյալից բացի, ոստիկանության նույն օպերլիազորն ընկերոջ հետ, 2014թ. գարնանը ատրճանակների գործադրման սպառնալիքով, Տանձուտ գյուղի բնակչին պարտադրել են ստորագրել համապատասխան փաստաթղթեր` ավտոգազալցակայանում ունեցած բաժնեմասից հրաժարվելու վերաբերյալ, վերջինս էլ, վախի ազդեցության տակ, կատարել է նրանց պահանջը և հրաժարվել գազալցակայանից։ Արդյունքում ավտոգազալցակայանը 2014թ. մայիսից փաստացի անցել է վերոհիշյալ պաշտոնատար անձանց տիրապետության տակ, որը շահագործվել է նրանց կողմից և հանդիսացել եկամտի աղբյուր։ Նկատի ունենալով, որ ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավար աշխատողների, ինչպես նաև պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործություններով նախաքննությունը կատարվում է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից՝ 2018թ. հոկտեմբեր 27-ին նշված քրեական գործը, ըստ քննչական ենթակայության, ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: 



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր