Ձեր զանգերը պարզապես դիվանագիտական զանգեր չէին, դրանք զանգեր էին ընկերոջից. Արմեն Սարգսյանը՝ Լուկաշենկոյին
Կարծում եմ, որ Բելառուսն այսօր կայունության եւ կանխատեսելիության օրինակ է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Մինսկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Նա, մասնավորապես, ասել է.
«Ես էլ էի ցանկանում սկսել հենց այդ ապրիլ-մայիս ամիսների դրամատիկ օրերից եւ օգտագործել հնարավորությունն այստեղ՝ հիասքանչ Մինսկ քաղաքում, անձամբ շնորհակալություն հայտնել Ձեզ այն աջակցության եւ բարեկամության համար, որ Դուք դրսեւորել եք այդ օրերին: Ես եւ՛ որպես նախագահ, եւ՛ որպես մարդ երբեք չեմ մոռանա այն ուշադրությունը, որը ստացել եմ Ձեզնից:
Ձեր զանգերը պարզապես դիվանագիտական կամ քաղաքական զանգեր չէին, դրանք զանգեր էին ընկերոջից, ում ոչ թե միայն հետաքրքրի է, այլ ում համար եւ՛ ցավալի է, եւ՛ ուրախալի, մարդ, ընկեր, ով ցանկանում է իմանալ եւ օգնել: Այդ օրերին դա մեծագույն աջակցություն էր ինձ համար, երբ մենք երկրում ապրում էինք մեծագույն փոփոխություններ:
Հարցին մակերեսորեն անդրադառնալու պարագայում, թվում էր, թե ամեն բան լավ էր՝ առանց դրամայի, փա՛ռք Աստծո, առանց մարդկային զոհերի, սակայն ամեն դեպքում հեշտ չէր: Եվ ես շատ բարձր եմ գնահատում Ձեր աջակցությունն ու ցանկանում եմ, որ Դուք այդ մասին իմանաք, ուստի ուզում եմ անձամբ Ձեզ շնորհակալություն հայտնել:
Այո, ես ժամանել եմ այստեղ՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին: Շատ հաճելի է լինել Մինսկում, որն առանձնահատուկ քաղաք է: Կարծում եմ, որ Բելառուսն այսօր կայունության եւ կանխատեսելիության օրինակ է: Այս նոր աշխարհում, որում մենք ապրում ենք, շատ հազվադեպ կարելի է հանդիպել նման որակներ: Աշխարհը միայն տարածաշրջանները չեն, աշխարհը դարձել է անկանխատեսելի, աշխարհը դարձել է անկայուն, եւ այն պետությունները, որոնք իրականում ունեն այս երկու որակները, բարձր գնահատանքի են արժանանում իմ, Բելառուսի իմ ընկերների, եւ առհասարակ համաշխարհային հասարակության կողմից:
Պատահական չէ, որ հերթական նման համաժողովը՝ Մյունխենյան համաժողովը, որը աշխարհի ամենահեղինակավոր համաժողովներից մեկն է, տեղի է ունենում այստեղ՝ Մինսկում»: