ՀԱՊԿ փաստաթղթերում Հայաստանի ներկայացվածության վերաբերյալ փոփոխություններ կընդունվեն
Հոկտեմբերի 8-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում նախատեսվում է հանդես գալ համատեղ հայտարարությամբ, որով սկիզբ կդրվի զինված ահաբեկչական խմբերի կազմում մարտերին մասնակցած կամ ահաբեկչություններ իրականացրածների դեմ գործողությունների համատեղմանը։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նիստի ընթացքում կքննարկվեն նաև խնդիրներ, որոնց լուծումները նախաձեռնել է Հայաստանը։ Մասնավորապես խնդիրը վերաբերում է Հայաստանի պաշտոնյաների՝ ՀԱՊԿ նիստերին ներկայանալուն։ Սահմանադրական փոփոխություններից հետո Հայաստանի վարչապետն է երկրի փաստացի ղեկավարը, սակայն հանրապետության գլուխը, ըստ այդ Սահմանադրության, շարունակում է լինել նախագահը։
Այս փոփոխությունները նախաձեռնելու որոշումը ԱԳՆ ներկայացմամբ նախորդ շաբաթ ընդունվեց ՀՀ կառավարության կողմից։ Այն պետք է ուղարկվեր ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների հաստատմանը։
ՀԱՊԿ փաստաթղթերում նախատեսված փոփոխությունների համաձայն՝ այսուհետ Հայաստանը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդում (անդամ պետությունների ղեկավարների ժողովում) կներկայացնի վարչապետը։