Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

12 նոյ 2018 13:43

Ապաշխարությունը լիարժեք է գործով, ուստի և Աստված թողություն է շնորհում ապաշխարողին, ոչ թե մեղավորին

Ապաշխարությունը լիարժեք է գործով, ուստի և Աստված թողություն է շնորհում ապաշխարողին, ոչ թե մեղավորին«Եթե չապաշխարեք, ամենքդ էլ պիտի կորչեք» (Ղուկաս 13:5)
Թեև մկրտությունը լվանում է մեր մեղքերը, սակայն մկրտությունից հետո էլ ենք մեղք գործում, քանի որ չկա աշխարհում մարդ, որ մեղք չգործի, ուստի յուրաքանչյուր մարդ ունի ամեն վայրկյան զղջալու կարիք: Ապաշխարության խորհրդի կարևորությունը փաստվել է մեր հոգևոր փորձառությամբ, մեր մեղքերի շատությամբ: Ապաշխարությունը լիարժեք է գործով, ուստի և Աստված թողություն է շնորհում ապաշխարողին, ոչ թե մեղավորին:
Ամեն սայթաքումից հետո պետք է վեր բարձրանալ
Մենք հաճախ ենք հույսներս դնում Աստծո ներողամտության վրա, բայց չենք օգտվում դրանից: Ուստի և մեր զղջմանը պետք է հաջորդի ապաշխարությունն, ամեն սայթաքումից հետո պետք է վեր բարձրանալ, և այստեղ է մարդու մեծագույն փառքը: Ավետարանում մենք հանդիպում ենք երկու տեսակ զղջման: Հուդայի զղջումը, որը նման է կոտրված սառույցի, և որին չի հաջորդում ապաշխարություն, իսկ երկրորդը Պետրոսի զղջումն է, որը նման է հալած սառույցի, որի հետքն անգամ չի մնում, որովհետև, եթե Հուդան չօգտվեց Աստծո ներողամտությունից և արդարորեն պատժվեց, ապա Պետրոսը օգտվեց և արդարացվեց: Հետևաբար, եթե հավատում ենք, որ Աստված գթասիրտ է, ապա պիտի հասկանանք, որ այդ ներողամտությունից օգտվելու համար պետք է հավատքի պտուղներ տանք:
Ապաշխարության պտուղը ոչ թե խոսքով, այլ գործով է արժևորվում
Անպտուղ թզենու առակի մեջ (Ղուկաս 13:6-9) այգեպանը, որ խորհրդանշում է Քրիստոսին, խնդրեց Տիրոջը մի քիչ էլ համբերել, և ինքը կփորձի կրկին մշակել, ոռոգել հողը գուցե, ի վերջո, թզենին պտուղ տա: Աստված այդ մի քիչ ժամանակը մեզ իրապես տվեց: Իսկ Քրիստոս Իր կյանքով փորձեց լինել կենդանի օրինակ, Իր քարոզներով փորձեց փխրեցնել մեր կարծրացած հոգիները, խաչի վրա թափված Իր արյունով կենսունակություն հաղորդեց մեզ, և հիմա հերթը մերն է՝ հասկանալու, որ երկնքի արքայությունը մոտ է, իսկ ժամանակը՝ քիչ: Եվ իրապես շատ քիչ ժամանակ պահանջվեց աջակողմյան ավազակից՝ երկնքի արքայություն մտնելու համար: Նրա արցունքները խառնվեցին Քրիստոսի արյանն, ու Աստված և մարդ միասին մտան Աստծո արքայություն: Ուրեմն ապաշխարության և արքայության պտուղը ոչ թե խոսքով, այլ գործով է արժևորվում:
Տ. Եսայի քհն. Արթենյան
Qahana.am


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր