Հովհաննես Երիցյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Հիշեցնենք, որ Քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանի դեմ հայց էր ներկայացրել «Վելես» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Մարինա Պողոսյանը։
Պողոսյանը դիմել էր դատարան՝ պահանջելով պարտավորեցնել Երիցյանին հրապարակային ներողություն խնդրել: Ու թեև դատարանն ընդունել է, որ Երիցյանը վիրավորական արտահայտություններ է գործածել, այնուամենայնիվ, որոշել է պարտավորեցնել ոչ թե ներողություն խնդրել, այլ հերքել այդ արտահայտությունները: Մասնավորապես, Երիցյանը հերքման տեքստում պետք է գրի, որ մի շարք արտահայտություններ, որոնք գործածել է Պողոսյանի մասին, նպատակ չեն հետապնդել վիրավորելու նրա պատիվն ու արժանապատվությունը:
Հիշեցնենք, որ Մարինա Պողոսյանի ղեկավարած «Վելես» հասարակական կազմակերպությունն իրավական աջակցություն է տրամադրում վաշխառության զոհ դարձած քաղաքացիներին, այդ թվում և՝ Հովհաննես Երիցյանից տուժած ընտանիքներին: Պողոսյանը բազմիցս է հանդես եկել հանրային հայտարարություններով՝ նախկին պաշտոնյաների վաշխառությամբ զբաղվելու վերաբերյալ:
Ի պատասխան, Հովհաննես Երիցյանը նախ կեղծ հաղորդում էր ներկայացրել Մարինա Պողոսյանի դեմ՝ պնդելով, թե նա հանցագործություն է կատարել, ապա, երբ քննությամբ պարզվել էր, որ նա կեղծ տեղեկություններ է տրամադրել նախաքննական մարմնին, քննիչ Պարույր Աղաբաբյանը եզրակացրել էր, որ Երիցյանը ոչ թե սուտ մատնություն էր կատարել, այլ պարզապես չէր գիտակցել սեփական արարքների նշանակությունը:
Իրավապաշտպանը դատարանում հաղթել էր, բայց արդեն երկու տարի է, ինչ Երիցյանը հրաժարվում է ներողություն խնդրել վիրավորական արտահայտությունների և զարպարտանքի համար։