Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

16 նոյ 2018 09:46

«Փաստ».Չի կարելի կոռուպցիոներներին ներել, եթե նրանք համաձայնում են պաշտոնից հրաժարվել

«Փաստ».Չի կարելի կոռուպցիոներներին ներել, եթե նրանք համաձայնում են պաշտոնից հրաժարվելԻրականում իշխանական բոլոր լծակները չեն, որ գտնվում են նոր իշխանությունների ձեռքում: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ կարելի է նկատել, որ, այնուամենայնիվ, կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից պայքարը մեծ հաշվով ճիշտ ուղղությամբ է առաջ գնում:

Նման կարծիքի է կոռուպցիայի դեմ պայքարի «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության ղեկավար Վարուժան Հոկտանյանը: 
«Ես հիմա տեսնում եմ, որ կա քաղաքական կամք, որն առաջ չկար: Երկրորդ խնդիրը պրոֆեսիոնալիզմն է, որը կերևա այն ժամանակ, երբ հասարակությունը պայքարի արդյունքներն իր վրա զգա: Այն պետք է ազդի մեր կյանքի որակի վրա և պետք է այլ էֆեկտներ նույնպես լինեն»,– ասաց Վ. Հոկտանյանը:
Կոռուպցիայի կանխարգելումը հակակոռուպցիոն պայքարի մի մասն է: Այդ թվում կարևոր է հանրության ներգրավվածությունը, կոռուպցիոն երևույթների դեմ անհանդուրժողականության մթնոլորտի ձևավորման և այլ հարցերում: Պետք է հաշվի առնել նաև անմեղության կանխավարկածը, քանի որ ցանկացած հայտարարություն առաջին հերթին պետք է ապացուցվի:
«Չնայած հեղափոխական մթնոլորտը դեռ պահպանվում է, բայց կարևոր է, որ նախկիններից բացի ներկա կոռուպցիոներները նույնպես պատժվեն: Ու թեև դեռ տեսանելի չէ հեղափոխական ուժի այլասերում, բայց մեր աչքի առջև են 90–ականների սկզբին հեղափոխության արդյունքում իշխանության եկած ուժերի կողմից ձևավորված կառավարության կատարած սխալները: Հուսամ, որ այս անգամ դա չի կրկնվի, բայց պետք է զգույշ լինել և պատժելիությունը տարածել ոչ միայն նախկին, այլ ներկա իշխանավորների վրա: Բացի այդ, միամտություն կլինի կարծելը, թե գողացված գումարները գտնվում են մեր բանկերում, քանի որ աշխարհը վաղուց հայտնագործել է օֆշոր կոչվող տարածքները, որոնց միջոցով էլ լվացվում են գումարները»,– ասաց Վ. Հոկտանյանը:
Կազմակերպության ղեկավարի խոսքով, եթե փորձ է արվում օրենքի գերակայություն հաստատել, ապա հարկավոր է շատ պրոֆեսիոնալ աշխատել: Հակառակ դեպքում այն կարող է այլ ուղղությամբ զարգանալ՝ դրանից բխող բացասական հետևանքներով: Ի դեպ, օֆշորները հիմնականում գտնվում են այն երկրներում, որոնք ամենաշատն են պայքարում կոռուպցիոն երևույթի դեմ: 
«Օֆշորներն, ի սկզբանե, հանցավոր եղանակով ձեռք բերված փողերը լվանալու նպատակով չեն ձևավորվել, բայց հետագայում կոռումպացված պաշտոնյաներն իրենց գումարներն օրինականացնելու համար սկսեցին տարբեր եղանակներ օգտագործել, այդ թվում՝ օֆշորները: Այսինքն, կարևոր է նաև այդտեղ եղած գումարները հետ բերել, բայց շատ ավելի կարևոր է հասարակության կենսամակարդակի բարձրացման խնդիրը լուծել: Եվ եթե երկիրը չի գնում լրջագույն տնտեսական, սոցիալական, վարչական, քաղաքական բարեփոխումների ճանապարհով, կոռուպցիան ոչ միայն չի հաղթահարվի, այլև կշարունակի նույն համակարգային բնույթը կրել և բավականին թանկ կնստի բոլորիս վրա»,– ասաց Վ. Հոկտանյանը: 

Կազմակերպության ղեկավարը նշեց նաև, որ իրականում ինքը չէր էլ ակնկալում, որ անցած ամիսները բավարար կարող էին լինել կոռուպցիոն երևույթներն արմատախիլ անելու համար: Նա համոզված է, որ այլևս հապաղել չի կարելի և հարկավոր է ամեն ինչ անել, որ ժամանակի ընթացքում պայքարը տեսանելի դառնա:
Անդրադառնալով կաշառք տալու մասին աղմկահարույց հայտարարություններին կամ ճնշումների միջոցով պաշտոնյաների հրաժարականին հասնելու երևույթին՝ Հոկտանյանը նշեց, որ դա բացասական երևույթ է:
«Դա արտացոլում է քաղաքական հետապնդման տխուր պատկերը: Համակարգային կոռուպցիայի դեմ պայքարն ավելի պրոֆեսիոնալ կլինի, եթե առանց հրաժարական պահանջելու ուղղակիորեն բացահայտվեն այն չարաշահումները, որոնք իրականացվել են տվյալ պաշտոնյայի կողմից: Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ քաղաքական հետապնդումներ իրականացնելուն, ապա դա արդարացում ունենալ չի կարող: Հարցը տակտիկական բնույթ ունի: Մյուս կողմից, չի կարելի կոռուպցիոներներին ներել, եթե նրանք համաձայնում են պաշտոնից հրաժարվել: Դա ամենամեծ սխալը կլինի: Ինչ վերաբերում է սպասումներին, ապա 6 ամիսը բավարար չէր հարցերն ամբողջությամբ լուծելու համար, ուստի, եթե իսկապես կոռուպցիան հաղթահարելու ցանկություն կա, ապա հարկավոր է պատրաստվել բավականին երկարատև և համառ աշխատանքի»,– ասաց Վ. Հոկտանյանը: 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր