Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

19 նոյ 2018 11:12

Դավիդյանցը մարդասպան է, պետք է ազատվի պաշտոնից. մահացած զինվորի մորը վրդովեցրել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենի նշանակումը

Դավիդյանցը մարդասպան է, պետք է ազատվի պաշտոնից. մահացած զինվորի մորը վրդովեցրել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենի նշանակումը2012 թվականի դեկտեմբերի 22-ին ՊԲ հոսպիտալում մահացած նորակոչիկ Նորայր Սահակյանի մայրը՝ Կարինե Մնացականյանը, վրդովված է այն փաստով, որ Մհեր Դավիդյանցը նշանակվել է Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն։

Բանն այն է, որ Մհեր Դավիդյանցը անցնում է Նորայր Սահակյանի մահվան գործով։ Ներկայումս էլ Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է զինվորական բժիշկներ Ջուլհակյանի, Դավիդյանցի, Չախոյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը: Այս գործը քննվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ Արթուր Մկրտչյանի նախագահությամբ: Դատավճիռը հրապարակվել է 2017 թվականի նոյեմբերի 21-ին: Բժիշկները մեղադրվում էին ծառայության նկատմամբ ցուցաբերած անփութության համար, որն անզգուշությամբ ծանր հետևանք է առաջացրել: Իսկ ծանր հետևանքը եղել է նորակոչիկ Նորայր Սահակյանի մահը։
Մհեր Դավիդյանցը դեպքի պահին եղել է ծառայության մեջ, ՊԲ զորամասում բաժանմունքի պետ է եղել, կոչումով՝ լեյտենանտ: Դեպքից հետո, սակայն, զորացրվել է: Առաջին ատյանի դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածով Մհեր Դավիդյանցին արդարացրել է: Դատարանը կայացրել է մեղադրական դատավճիռ միայն մեկ հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 2-րդ մասով, որով Մհեր Դավիդյանցը, Կարեն Ջուլհակյանը, Արկադի Չախոյանը մեղավոր են ճանաչվել, դատապարտվել են 4-ական տարվա ազատազրկման: Նրանց նկատմամբ կիրառվել է 2013 թվականի հոկտեմբերի 3-ի Համաներման 4-րդ կետի 1-ին ենթակետը, նրանք երեքն էլ ազատվել են պատժի կրումից: Սակայն մեղադրողը Վերաքննիչ բողոք է բերել՝ պահանջելով Մհեր Դավիդյանցին ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածով արդարացման մասով բեկանել դատավճիռը, այդ մասով ևս Դավիդյանցին մեղավոր ճանաչել, հանցանքների համակցությամբ նշանակել 4 տարվա ազատազրկում՝ մեկ տարով զրկելով համապատասխան գործունեությամբ զբաղվելու իրավունքից և 2013 թվականի համաներման կիրառումով ազատել հիմնական պատժի կրումից:
Դատական պրոցեսին զուգահեռ, սակայն, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Դավիդյանցին նշանակեց ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն, քանի որ, ըստ շրջանառվող լուրերի, Դավիդյանցը նախարարի ընկերն է:
«Դավիդյանցը դատավարության մեջ ա, դատարանը իրան մեղավոր ա ճանաչել: Ճիշտ է, իրենք բողոքարկել են դատավճիռը, բայց այն անփոփոխ է մնացել, ու էս ամեն ինչից հետո իրեն տվել են ինֆեկցիոն հիվանդանոցի պետ: Սա ինչպե՞ս կարելի է հասկանալ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց տիկին Կարինեն:
Զինվորի մայրը զարմանում է, թե ինչպես է, որ վեց տարի է՝ լույս չի սփռվում որդու մահվան իրական հանգամանքների վրա, պարզ չի դառնում, թե ինչպես է ստացվել, որ իր լիովին առողջ տղան զորակոչվել է բանակ ու զորամաս հասնելուց հետո մահացել, բայց շատ արագ իր որդու մահվան մեջ մեղավորություն ունեցող անձինք պաշտոն են ստանում: «Դավիդյանցը դեպքի ժամանակ բաժանմունքի պետ է եղել, նա գիտի, թե ինչ է տեղի ունեցել, ու հիմա մենք հանցագործներին, պատժելու փոխարեն, խրախուսում ենք ու պաշտո՞ն ենք տալիս։ Նա, մյուս բժիշկները մեղավոր են իմ որդու սպանության մեջ»,- ասաց տիկին Կարինեն՝ հավելելով, որ չի պատրաստվում լռել կատարվածի առիթով:
«Ես նախարարի վրա եմ զարմանում: Նա որ մեկին պաշտոնի է նշանակում, չի՞ պարզում՝ ով է այդ անձը, ինչ անցյալ ունի, ինչի մեջ է թաթախված: Ոնց կարելի է մեկին նշանակել ինֆեկցիոնի ղեկավար, որը դատերի մեջ է ու մեղավոր է ճանաչվել դատարանի կողմից: Դավիդյանցը պետք է ազատվի այդ պաշտոնից ու պատասխան տա իր արածների համար։ Ես իմ երեխայի մասին չեմ մտածում։ Իմ երեխան էլ չկա, ես մյուսների մասին եմ մտածում։ Դավիդյանցի նման մարդասպանը չի կարող աշխատել այդ պաշտոնում։ Էս նշանակումը ինձ հունից հանում է, իրենք դրանով ինձ դրդում են մարդասպանության»,- եզրափակեց Նորայր Սահակյանի մայրը՝ ավելացնելով, որ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն պետք է լիներ Վիգեն Ասոյանը՝ Արա Ասոյանի որդին, որին, սակայն, դեմ էր առողջապահության նախարարը՝ համարելով, որ պաշտոնը չպետք է ժառանգաբար փոխանցվի։
«Բայց Ասոյանը զբաղվել է իմ որդու գործով, խոստացել է, որ ամեն ինչ մաքուր կլինի, եզրակացության մեջ ոչ մի կեղծիք չի լինի: Այդպես էլ եղել է։ Այդ պաշտոնի համար ամենաարժանին Ասոյանն էր, բայց մարդասպաններն են զբաղեցնում այդ պաշտոնը»,- եզրափակեց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր