Հանրապետականը ջրաղաց պետք է ունենա, որ ջրաղացին ջուր լցնող լինի,իսկի կոֆե աղաց չունեն

«Հանրապետականը ջրաղաց պետք է ունենա, որ ջրաղացին ջուր լցնող լինի: Հանրապետականները իսկի կոֆե աղաց չունեն: Սև բիբարը, որ աղում են, դրանից էլ չունեն»,- ասաց Փաշինյանը:
Վերջինս ասաց, որ ուրախ է Մարտունի քաղաքում կառուցված շքեղ տները տեսնելով: Նա հատուկ խնդրանք ուներ հատկապես արտերկրում բնակվող Մարտունիի բնակիչներին:
«Մենք հույս ունենք, որ մարտունեցի մեր եղբայրները ոչ միայն այսպիսի լավ տներ, օբյեկտներ կկառուցեն, այլև արտադրամասեր: Ձեր բիզնեսին ոչ մեկ փայ չի մտնելու ոչ միայն 50 տոկոսով, այլ 0,50 տոկոսով: Եկեք, ծաղկեցնենք մեր երկիրը, արտադրամասեր կառուցենք, որ արտագաղթ տեղի չունենա, որ ջարդուփշուր անենք մեր երկրի ճակատի խարանը՝ աղքատությունը: Հայաստանում սոված մարդ չպետք է լինի: Մենք պետք է արմատախիլ անենք աղքատությունը»,- արտերկրում ապրող մարտունեցիներին վստահեցրեց Փաշինյանը:
Հաջորդ թեման, որին անդրադարձավ «Իմ քայլը» դաշինքի վարչապետի թեկնածուն, Սևանի հարցն էր:
«Սևանն աղբի օղակի մեջ է առնվել: Աղբի վերամշակման գործարանի ներդնող պետք է բերենք Հայաստան»,- ասաց նա:
Փաշինյանը տեղացիներին հորդորեց աղբը գետնին չնետել և մաքուր պահել շրջակա միջավայրը: