Ռուսական տանկերը կուտակվում են սահմանին, Պուտինն ամբողջ երկիրն է ուզում. Պորոշենկո
![Ռուսական տանկերը կուտակվում են սահմանին, Պուտինն ամբողջ երկիրն է ուզում. Պորոշենկո Ռուսական տանկերը կուտակվում են սահմանին, Պուտինն ամբողջ երկիրն է ուզում. Պորոշենկո](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-11/medium/1543569009_15189041865_db5a539b58_b.jpg)
«Մեր սահմանից 18 կմ հեռավորության վրա տանկային կայան կա: Այնտեղ են պահեստավորված նրանց զենք-զինամթերքը, հրթիռների արձակման համալիրները: Պետք է պատրաստ լինենք երկիրս պաշտպանելուն»,-Sky News-ի հետ զրույցում ասել է Պորոշենկոն:
Նա հավելել է, որ եթե ամբողջ աշխարհը չի վստահում Պուտինին, ապա Ուկրաինան միանշանակ նրան վստահելու պատճառ չունի:
Մինչդեռ գերմանական հեղինակավոր Bild պարբերականին տված հարցազրույցում նա ասել է, որ «Պուտինը ցանկանում է վերականգնել հին ռուսական կայսրությունը»:
«Նա ցանկանում է Ղրիմը, Դոնբասը, ամբողջ երկիրը: Նա իրեն դիտարկում է որպես ռուսական ցար, իսկ նրա կայսրությունը չի կարող լինել առանց Ուկրաինայի: Նա մեր երկրին վերաբերվում է որպես գաղութ»,-ասել է Ուկրաինայի ղեկավարը:
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Պորոշենկոյի քայլերն ու հայտարարությունները մի նպատակ են հետապնդում. Ուկրաինայում մոտեցող ընտրություններին ընդառաջ սրել Ռուսաստանի հետ լարվածությունը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից ռուսական ջրային սահմանի խախտման մասին: Նշվում է, որ երեք ուկրաինական նավ ուղղություն է վերցրել դեպի Կերչի նեղուց՝ նախապես նավերի անցման համար համապատասխան դիմում չներկայացնելով:
Արդյունքում ռուսական կողմը բեռնանավերով փակել է նեղուցը: Բացի այդ, ռուսական սահմանապահ նավը վնասել է ուկրաինական քարշակին, որը հետևում էր նավերի խմբին: Այնուհետև Ռուսաստանն Ուկրաինայի ռազմածովային ուժերի գործողությունների պատճառով Սու-25 օդանավերը հերթապահության է ուղարկել Կերչի նեղուցի շրջանում:
Կիևը Մոսկվային մեղադրել է բացահայտ ագրեսիվ գործողություններ կատարելու համար: Կիևը նաև հայտնել է Ռուսաստանի կողմից իր նավերի ուղղությամբ կրակ բացելու ու նավերը գրավելու մասին: Ուկրաինայի ռազմածովային ուժերի փոխանցմամբ՝ ռուս սահմանապահները նավերը կանգնեցրել են զենքի կիրառմամբ: Դրա հետևանքով վիրավորվել է 3 ուկրաինացի զինծառայող: