«Ձեր հանձնարարությունը, մեղմ ասած, անտեսվել է». ՀՀ ԶՈՒ պահեստազորի սպաների բաց նամակը՝ Փաշինյանին

Նամակում նաեւ ասվում է.
«Եթե հիշում եք, սույն թվականի սեպտեմբերի 18-ին Դուք հանդիպեցիք մեզ հետ, լսեցիք մեր խնդիրները եւ Ձեր աշխատակազմի պաշտոնատար անձանց հանձնարարություն տվեցիք, որ մեկամսյա ժամկետում ստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով` որը կաշխատի գտնել պահեստազոր անցած եւ բնակարանային հաշմառման մեջ գտնվող սպաներին բնակարաններով ապահովելու հարցի լուծումներ ու որի կազմում կնդգրկվեր նաեւ մեր ներկայացուցիչը:
Սակայն, մեր նախաձեռնության անդամների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ պարոն Գ. Բալայանը հայտարարեց, որ ինքը գտել է ոչ նպատակահարմար մեր ներկայացուցչի ներկայությունը նշված հանձնաժողովի աշխատանքներին: Մենք` զինվորականներս, սովոր ենք կարգապահության եւ կատարողականության ու մեր համար շատ զարմանալի էր նման մոտեցումը:
Նման գործելաոճը զայրույթ է առաջացրել մեր նախաձեռնության անդամների շրջանում եւ խաթարել այն վստահությունը մեր հարցի արդարացի լուծման նկատմամբ, որը մեր հանդիպման ժամանակ Դուք մեզ ներշնչեցիք:
Մենք վստահ ենք, որ Ձեզ չեն զեկուցում գործի ամբողջ ընթացքը եւ Դուք տեղեկացված չեք այն հանգամանքի մասին, որ Ձեր հանձնարարությունը, մեղմ ասած, անտեսվել է:
Կրկին անգամ խնդրում ենք Ձեր հանձնարարությունը համապատասխան պաշտոնատար անձանց` մեր նախաձեռնության անդամին միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներում ընդգրկելու համար:
Մենք կատարել ենք մեր պարտքը Հայրենիքի նկատմամբ` կրելով զրկանքներ: Մեր հետ հավասար զրկանքներ են կրել նաեւ մեր ընտանիքների անդամները: Ակնկալում ենք, որ պետությունը նույնպես վերջապես կկատարի իր ստանձնած պարտավորությունները: