Քաղաքական ակտիվ շրջանում բոլոր կոչերը կապված տնտեսության թռիչքային զարգացման հետ դեռ խոսքեր են
«Քաղաքական ակտիվ շրջանում բոլոր կոչերը կապված տնտեսության
թռիչքային զարգացման հետ դեռ խոսքեր են: Խոսքերից գործի անցնելու համար կոնկրետ քայլեր
են պետք: Նախքան ներդրողների և նոր աշխատատեղեր բացելու մասին մտածելն՝ անհրաժեշտ է
ներքին արտադրողի պաշտպանության մասին մտածել: Եթե դրսի մարդիկ տեսնեն, որ Հայաստանում
ներքին արտադրողը պաշտպանված է, ինչ որ արտոնություններ
նա ունի, դրական տեղաշարժ կլինի»,- նոր Հայաստանի բիզնես ոլորտի մասին իր տեսակետը
հետևյալ կերպ ձևակերպեց «Ավանի աղի կոմբինատ»-ի գլխավոր տնօրեն Արեգ Ղուկասյանը:
«Ավանի աղի կոմբինատ»-ը հանդիսանալով Հայաստանի միակ աղ արտադրող
ձեռնարկությունը՝ վերջին շրջանում լուրջ խնդիրների հետ է բախվում: Վերջին ինը ամիսների
ընթացքում Պարկաստանից Հայաստան ներկրված 5000 տոննա աղից 4000-ը տեխնիկական է. «Դուք
բոլորդ, երբ որ հաց եք առնում, գոնե 50% հավանականություն կա, որ այն տեխնիկական աղով
է պատրաստված: Պարսկաստանից բերված տեխնիկական աղի պարկերը տանում են սննդի արտադրողներին
և հրամցնում որպես կերակրի աղ: Երբ որ տեխնիկական աղը մտնում է Հայաստան, ոչ մի լաբորատորիա
այն չի ստուգում: Վտանգ կա, որ 5 տարի հետո մեր երեխաներն ու առհասարակ ողջ հասարակությունը
առողջական լուրջ խնդիրներ կունենան»,-փաստում է «Ավանի աղի կոմբինատ»-ի գլխավոր տնօրեն
Արեգ Ղուկասյանը:
Ներքին արտադրողի պաշտպանության և հայաստանյան աշխատուժի
ցածր վարձատրության հարցը Նոր Հայաստանի բիզնես ոլորտի գերխնդիրներից է համարում «Տրիադա»
խորհրդատվական ընկերության ղեկավար Երվանդ Ֆրանգուլյանը: Հասարակության շրջանում տնտեսական
ակտիվություն ինքը նկատել է, բայց հասարակությանը միայն խոսքերով ոգևորելը քիչ է, գործելաոճը
փոխել է պետք. «Որակյալ աշխատուժին մենք պատրաստ չենք վարձատրելու: Կգա մի պահ, որ
նրանք կգնան»,- նշում է Երվանդ Ֆրանգուլյանը:
Նա հասարակության ամենատարբեր շերտերին առաջարկում է ակտիվ
և նախաձեռնող լինել՝ գիտակցելով, որ պետությունն
իրենցից յուրաքանչյուրն է, այն իրենցից օտար և զատ մարմին չէ. «Չկա պետական փող, կան
մեր փողերը: Մենք մնացել ենք այն հույսին, որ մեկը մեզ պետք է գա պահի, լավ թագավոր
լինի: Մենք ենք մեր երկրի իշխանությունը»,- այս իրողությունը լրջագույնս կարևորելով
փաստում է Երվանդ Ֆրանգուլյանը:
Ներքին արտադրողի
աջակցությունը կարևորեց և փոքր ձեռնարկությունների գործելու և զարգանալու հնարավորությունների
մասին մտահոգ կարծիք հայտնեց «Մեդիսար» ընկերության հիմնադիր Մանվել
Գաբրիելյանը: Նա փաստեց, որ մրգային օղիների արտադրությունը Հասյաստանում չուսումնասիրված
շատ տեղեր ունի. «Օրինակ՝ վայրի տանձից հրաշալի օղի է ստացվում, բայց մեր անտառներից
երևի միայն 5%-ն է հավաքվում: Սեզոնին մեր ծիրանի մի մասը չի հասցվում մշակվել: Այս
օղիներին մենք ծանոթ ենք, բայց որպես տնտեսության առանձին ճյուղ այն չի զարգանում»,-նշեց
Մանվել Գաբրիելյանը:
Ներքին արտադրողին աջակցելու համար «Վան Արդի» գինիների արտադրության ղեկավար Վարուժան
Մուրադյանը առաջարկեց ուշադրություն դարձնել փոքր և միջին արտադրական սեկտորին: Նա
փաստեց, որ հայական գինի ողջ աշխարհում մեծ հետաքրքրություն է առաջացնում: Ըստ նրա՝
գինեգործության ողնաշարը մեզ մոտ պետք է լինեն ոչ թե մեծ, այլ փոքր և միջին գործարանները.
«Հիմա մենք ունենք 30-40 աշխատող գինու գործարաններ, բայց շատ հանգիստ մենք դրանց թիվը
կարող ենք դարձնել 200,300,400»,-նշեց Վարուժան Մուրադյանը:
«Գարեջրի ակադեմիա» ռեստորան-գարեջրատան տնօրեն Արմեն Ղազարյանը
Նոր Հայաստանի բիզնես միջավայրում փոփոխություններն իր ընկերության օրինակով փաստեց.
հիմա հարկային համակարգից իրենց անհարկի և անհիմն չեն անհանգստացնում: Դա հնարավորություն
է տալիս ավելի պրոդուկտիվ աշխատելու. «Գաստրոտուրիզմը մեզ մոտ բավականին լավ զարգացել
է: Հանրային սննդի ոլորտը կայանում է, զարգանում է: Բայց որակյալ կադրերի քանակական
սով կա: Միջավայրը կարող է լավը լինել, բայց մարդիկ չլինեն»,-փաստեց Արմեն Ղազարյանը:
Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության կազմակերպած
«Նոր Հայաստանի բիզնես միջավայրը» թեմատիկ քննարկման ընթացքում վեր հանվեցին ոլորտի
այլ կարևոր և թիրախային հարցեր: Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության
հիմնադիր Գևորգ Թադևոսյանը նշեց, որ եթե բիզնես ոլորտի ներկայացուցիչները ցանկանում
են, որ իրենց ձայնը լսելի դառնա, ապա իրենք պետք է բարձրաձայնեն ոլորտի խնդիրները և
ստեղծեն այնպիսի միջավայր, որ բիզնեսը խոսի: