Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի          Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև       Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը    

08 դեկ 2018 12:45

17-ամյա հայաստանցի աշակերտը ստեղծել է աշխարհում ամենաբարձր ՕԳԳ-ով Գաուսի թնդանոթը

17-ամյա հայաստանցի աշակերտը  ստեղծել է աշխարհում ամենաբարձր ՕԳԳ-ով Գաուսի թնդանոթը17-ամյա հայաստանցի աշակերտը բացառիկ հետազոտություն է կատարել: Ի հեճուկս թերահավատների՝ Ալեքսանդր Ասրյանը ստեղծել է Հայաստանում դեռևս առաջին և աշխարհում ամենամեծ ՕԳԳ-ով Գաուսի թնդանոթը կամ, այլ կերպ ասած, էլեկտրամագնիսական արագացուցիչը:
«Արմենպրես»-ը ԵՊՀ-ին առընթեր ֆիզիկամաթեմատիկական դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ալեքսանդր Ասրյանի հետ խոսել է կատարած հետազոտության մասին:


Նախքան իր հետազոտության բացառիկության մասին խոսելը, Ալեքսանդրը մանրամասն ներկայացրեց, թե ինչ է Գաուսի թնդանոթն ու թե ինչպիսի լայն կիրառություն կարող է ունենալ: «Գաուսի թնդանոթը էլեկտրամագնիսական արագացուցիչ է: Այն փամփուշտը արագացնելու համար օգտագործում է միայն էլեկտրամագնիսական դաշտ: Գաուսի թնդանոթը կարող է կիրառություն գտնել տարբեր ոլորտներում: Առաջին հերթին այն կհեշտացնի տիեզերք տիեզերանավեր ուղարկելը: Սկզբնական արագացման համար կօգտագործվի միայն էլեկտրականություն, դրա շնորհիվ կվերանա պայթելու վտանգը: Այն նաև չի աղտոտում մթնոլորտը»,-ասաց Ալեքսանդրը:
Գաուսի թնդանոթը կարելի է օգտագործել նաև անօդաչու թռչող սարքերն արագացնելու համար: Ալեքսանդրի խոսքով՝ Ամերիկայում այն օգտագործում են հենց այս նպատակով: Սովորաբար պայթուցիկի պայթելու արագությունը հնարավոր է արագացնել մինչև 2-2.5 կմ/վրկ-ով: Իսկ գաուսի թնդանոթը տալիս է անսահմանափակ արագացման հնարավորություն: Թեև Գաուսի թնդանոթը լայն կիրառություն ունի տարբեր ոլորտներում, սակայն դեռևս պրակտիկորեն չի օգտագործվում, քանի որ համակարգի ՕԳԳ-ն շատ ցածր է՝ մոտ 1 տոկոս: Եվ Ալեքսանդրի հետազոտության նպատակը եղել է հենց այդ ցուցանիշը հնարավորինս բարձրացնել: «Տվյալներ կան, որ այս համակարգի առավելագույն ՕԳԳ-ն հասնում է մինչև 7 տոկոս: Ես իմ առաջ նպատակ էի դրել հնարավորինս մեծացնել այդ ցուցանիշը: Տարբեր մեթոդների կիրառմամբ ես ստացա 6, 7 տոկոս ՕԳԳ»,-ասաց Ալեքսանդրն ու հավելեց՝ այս հետազոտությունն իրականացնելու համար իրեն մոտիվացրել է իր ուսուցիչը:
Ալեքսանդրը ոչ միայն առաջինն է, որ Հայաստանում Գաուսի թնդանոթ է ստեղծել, այլ, նաև առաջինն է աշխարհում, ով թնդանոթը ստեղծել է նման բարձր՝ 6,7 տոկոս ՕԳԳ-ով: Նման կարևորության, սակայն միևնույն ժամանակ չափազանց բարդ ու վտանգավոր գործ սկսելու համար պիտի որ մեծ շարժառիթ լիներ: Ալեքսանդրը պատմում է, որ էլեկտրամագնիսական դաշտով հետաքրքրված է եղել դեռ մանկուց, 4-րդ դասարանից երազել է էլեկտրամագնիսական դաշտի օգնությամբ արագացնել ինչ-որ բան: Մեկ տարի առաջ որոշել է, որ գործնականում դա պետք է անի: «Տարված էի այդ մտքով, սակայն հետո մոռացել էի այդ մասին: Մեկ տարի առաջ ուսուցիչս խոսեց Գաուսի թնդանոթի մասին: Նա սկզբում չհավատաց ինձ, որ կարող եմ սարքել: Ասաց՝ եթե սարքես, տարեկան գնահատականդ 10 եմ նշանակելու: Ասում էր՝ գիտես, թե ովքեր են փորձել ու չի ստացվել: Ու ես սարքեցի»,-պատմեց Ալեքսանդրն ու հավելեց՝ ամբողջը պատրաստել է տանը, մեկ ամսում: Պատրաստման գործընթացն էլ բավականին վտանգավոր է: Ընտանիքի անդամներն ու ընկերները սկզբում չեն իմացել, թե ինչ ուղղությամբ է աշխատում Ալեքսանդրը: «Ընտանիքի անդամներն ասում էին՝ ինչով ես զբաղված, գնա խնդիրներդ լուծիր: Հետո արդեն տեսան արդյունքը»,-նշեց նա:
Այդ գործում իրեն մեծապես օգնել են ֆիզիկայից գիտելիքները, նաև իր ինտուիցիան: Ալեքսանդրը վստահեցնում է՝ Գաուսի թնդանոթը տեխնիկապես պարզ է, սակայն ֆիզիկայի տեսանկյունից շատ-շատ բարդ: Գաուսի թնդանոթը ստեղծելով՝ Ալեքսանդրը նպատակ է ունեցել արագացնել անօդաչու թռչող սարքերը: Անօդաչու թռչող սարքերը նա համարում է մեր ապագան: «Դրանց միջոցով կարելի է նաև ուտելիք առաքել, իհարկե, նաև կիրառել ռազմական նպատակներով»:
Ալեքսանդրը ներգրավված է նաև ԵՊՀ-ի ֆիզիկատեխնիկական հետազոտությունների կենտրոնում, նպատակ ունի էլեկտրամագնիսական դաշտի, արագացուցիչների վերաբերյալ իր հետազոտությունները շարունակել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր